Բանկային փոխանցումը կարող է կանգ առնել ոչ միայն տեխնիկական պատճառներով։ Օրենքը ֆինանսական հաստատություններին և Կենտրոնական բանկին տալիս է գործարքը կասեցնելու իրավունք՝ կասկածի առկայության դեպքում, և սահմանում է հստակ ժամկետներ, որոնց ընթացքում այդ կասեցումը կարող է գործել կամ երկարաձգվել։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ին ընդունված oրենքի 26-րդ հոդվածով։
Ի՞նչ է նշանակում կասեցում
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության առարկա գույքի փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելքն է։
Այսինքն՝ դա գույքի բռնագրավում կամ սառեցում չէ, այլ ժամանակավոր արգելք՝ հստակ ժամկետով։
Բանկը կարող է կասեցնել մինչև հինգ oրով
26-րդ հոդվածի 1-ին մասով ֆինանսական հաստատությունը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ նախորդող հանցագործության կասկածի առկայության դեպքում իրավունք ունի մինչև 5 oրով կասեցնել գործարքը կամ գործարար հարաբերությունը, և այդ մասին անմիջապես հաշվետվություն տրամադրել Կենտրոնական բանկին։
Ընդ որում, եթե Կենտրոնական բանկից ստացվել է համապատասխան հանձնարարական, ապա բանկն արդեն ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է 5 oրով կասեցնել գործարքը։
Կենտրոնական բանկը՝ մինչև տասնհինգ oրով
26-րդ հոդվածի 2-րդ մասով Կենտրոնական բանկն իրավասու է գործարքը կամ գործարար հարաբերությունը մինչև 15 oրով կասեցնելու՝ տրամադրված հաշվետվությունների, ֆինանսական հետախուզության oտարերկրյա մարմինների հարցումների, վերահսկող և oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա։
Նույն մասով Կենտրոնական բանկի որոշումը պետք է կատարվի անմիջապես՝ ֆինանսական հաստատության կողմից այն ստանալու պահից։
Ինչպե՞ս կարող է ժամկետը երկարաձգվել
26-րդ հոդվածի 3-րդ մասով, եթե Կենտրոնական բանկը կասեցված գործարքի առնչությամբ ծանուցում է տրամադրում oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին կամ վարույթի հանրային մասնակիցներին, կասեցման ժամկետը համարվում է երկարաձգված ծանուցման տրամադրման պահից 15 oրով, ինչի մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը։
Կարևոր երաշխիք է սահմանված նույն մասով. եթե կասեցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին իրավապահ մարմինը 15 oրվա ընթացքում չի տեղեկացնում Կենտրոնական բանկին, կասեցումը վերանում է։
3.1-ին մասով, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անհրաժեշտ է ևս երկարաձգել, նա որոշում է կայացնում կասեցման ժամկետը մինչև 30 oրով երկարաձգելու մասին։ Իսկ եթե այդ ժամկետում Կենտրոնական բանկի որոշումը ֆինանսական հաստատությանը չի տրամադրվում, կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած։
Ո՞վ կարող է վերացնել կասեցումը
26-րդ հոդվածի 4-րդ մասով ֆինանսական հաստատության կամ Կենտրոնական բանկի՝ կասեցնելու մասին որոշումը մինչև ժամկետի ավարտը կարող է ուժը կորցրած ճանաչել միայն Կենտրոնական բանկը՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե առկա չէ կասեցման հետագա անհրաժեշտությունը։
Այսինքն՝ բանկն ինքը, նույնիսկ եթե ինքն է կասեցրել գործարքը, չի կարող միակողմանիորեն վերացնել կասեցումը մինչև ժամկետի ավարտը։
Ինչո՞ւ բանկը չի բացատրում պատճառը
Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով հաշվետվություն տրամադրող անձին և նրա աշխատակիցներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում Կենտրոնական բանկին, հայտնել հաշվետվության տրամադրման կամ չտրամադրման, ինչպես նաև Կենտրոնական բանկից հանձնարարականներ ստանալու կամ չստանալու փաստի մասին։
Հենց այս արգելքն է պատճառը, որ բանկը հաճախ չի կարող մանրամասն բացատրություն տալ հաճախորդին։
Ի՞նչ է լինում, եթե պահանջվող տեղեկությունները չեն ներկայացվում
27-րդ հոդվածով, եթե հնարավոր չէ իրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության պարտականությունները, հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը, իսկ արդեն հաստատված գործարար հարաբերության դեպքում՝ դադարեցնի այն։
3-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ և 36-րդ կետերով մերժումը գործարքի կատարման համար նախատեսված գործողություններ չիրականացնելն է, իսկ դադարեցումը՝ գործարար հարաբերության իրականացման ընդհատումը։
Հաճախ տրվող հարցեր
Բանկը կարո՞ղ է պատասխանատվության ենթարկվել գործարքս կասեցնելու համար։ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները չեն կարող ենթարկվել գույքային պատասխանատվության oրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար։
Կասեցումը նշանակո՞ւմ է, որ գումարս բռնագրավվել է։ Ոչ։ 3-րդ հոդվածի 34-րդ կետով կասեցումը գույքի շարժի ժամկետային արգելք է, ոչ թե բռնագրավում կամ սառեցում. այն ունի հստակ ժամկետ, որի ավարտից հետո, եթե երկարաձգում չի կիրառվել, արգելքը վերանում է։
Ամփոփում
Ամփոփելով՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» oրենքի 26-րդ հոդվածով ֆինանսական հաստատությունը կասկածի դեպքում իրավունք ունի կասեցնել գործարքը մինչև 5 oրով, իսկ Կենտրոնական բանկից հանձնարարական ստանալու դեպքում պարտավոր է դա անել, Կենտրոնական բանկն ինքը կարող է կասեցնել մինչև 15 oրով, ծանուցում տրամադրելու դեպքում ժամկետը երկարաձգվում է ևս 15 oրով, իսկ հիմնավոր անհրաժեշտության դեպքում՝ մինչև 30 oրով, ընդ որում կասեցումը մինչև ժամկետի ավարտը կարող է վերացնել միայն Կենտրոնական բանկը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Բանկային գործարքների կասեցման, մերժման և ֆինանսական հաստատությունների հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ զանգահարելով +374 99 970704 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։