Աշխարհը ջրային ճգնաժամի շեմին է․ ՄԱԿ-ի ահազանգը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհը թևակոխել է «ջրային համաշխարհային սնանկության» դարաշրջան։ 1970-ականներից ի վեր խոշոր լճերի ավելի քան կեսը և ճահճային տարածքների մեկ երրորդը կորսվել են և այլևս չեն վերականգնվի։ Այսօր շուրջ 4 միլիարդ մարդ տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս ապրում է ջրի պակասի պայմաններում, երաշտների հետևանքով տնտեսական վնասը հասնում է 307 միլիարդ դոլարի, իսկ Աֆրիկայում ավելի քան 400 միլիոն մարդ զրկված է խմելու ջրի հասանելիությունից։

Եվրոպան հայտնվել է ճգնաժամի էպիկենտրոնում․ շոգն ու տեղումների պակասը ծանծաղեցրել են Ռեյն, Դանուբ և Պո գետերը, որոնց ջրի մակարդակը հասել է վերջին 140 տարվա նվազագույնին։ Սա հարվածել է էներգետիկայի, գյուղատնտեսության և ջրամատակարարման ոլորտներին։ Հունգարիան դադարեցրել է «Պակշ» ԱԷԿ-ի աշխատանքը, Ռումինիան՝ «Չեռնավոդե» ԱԷԿ-ի ռեակտորներից մեկինը, իսկ Սերբիայում նվազել է «Ջերդապ-1» ՀԷԿ-ի արտադրությունը։ Ավստրիան և Շվեյցարիան ստացել են նախատեսվածից շուրջ կեսով պակաս հիդրոէներգիա։

Ֆրանսիայում գրանցվել է վերջին 50 տարվա ընթացքում եգիպտացորենի ամենացածր բերքատվությունը, Իտալիան բախվել է խմելու ջրի պակասի, իսկ Գերմանիայում Ռեյնի ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի։ Մոլդովայում ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել, Լեհաստանում հայտարարվել են հիդրոլոգիական նախազգուշացումներ, իսկ Կիպրոսում՝ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում, իրականացվել են էլեկտրաէներգիայի հոսանքազրկումներ։

Կենտրոնական Ասիան նույնպես բախվում է ծանր իրավիճակի․ Ղազախստանում երեխաների ավելի քան կեսը ջրի պակաս է զգում, իսկ Ուզբեկստանում՝ գրեթե 90 տոկոսը։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ջրի դեֆիցիտ է կանխատեսում մինչև 2040 թվականը, մինչդեռ ՄԱԿ-ը կրիտիկական շեմ է համարում արդեն 2030 թվականը։

Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովը գործարկել է «European Water Resilience Strategy» ռազմավարությունը, որի նպատակն է մինչև 2030 թվականը 10 տոկոսով բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը և ջրային ռեսուրսների մոնիթորինգում ներդնել արհեստական բանականության տեխնոլոգիաներ։

ՄԱԿ-ի մասնակցությամբ ավելի քան 30 երկիր քննարկում է նաև Միջազգային ջրային կազմակերպության ստեղծման հնարավորությունը։

Ջուրը միաժամանակ ապահովում է էներգետիկան, գյուղատնտեսությունն ու մարդու կենսագործունեությունը, ինչի հետևանքով այն վերածվում է ռազմավարական նշանակության առանցքային ռեսուրսի։ Ջրային ռեսուրսների նկատմամբ աճող մրցակցությունը կարող է խորացնել պետությունների միջև հակասությունները և հանգեցնել նոր հակամարտությունների։

Leave a Comment