Ութամյա Մոնթե Մուրադյանը և Սյունե Քոսակյանը օգոստոսի 1-ին նվաճել են Արարատի գագաթը՝ 5165 մետր բարձրության վրա, հայտնում է «4 գագաթ» մանկապատանեկան լեռնագնացության ակումբը։
Նշվում է, որ սա առնվազն Հայաստանի համար, բացառիկ նվաճում է և, հնարավոր է, եզակի արդյունք նաև միջազգային համատեքստում։
Ակումբից հայտնել են, որ դրան նախորդել էին ամիսներ տևած մարզումներ՝ մշակված հատուկ վերելքների ծրագրով։ Երեխաները հերթականությամբ հաղթահարել էին Հայաստանի տարբեր լեռնային երթուղիներ, ձեռք բերել անհրաժեշտ փորձ, հարմարվել բարձրությանը և նույնիսկ գիշերակաց իրականացրել Արագածի Հարավային գագաթին՝ կարևոր քայլ կատարելով բարձրալեռնային պայմաններին հարմարվելու ճանապարհին։
Նաև հավելել են, որ բարձրությունը, գիշերով քայլելն ու հոգնածությունը լուրջ մարտահրավերներ էին, սակայն դրանք լիովին հաղթահարելի էին՝ ճիշտ կազմակերպման, ուղեկցողների և ծնողների վերահսկողության, աստիճանական ակլիմատիզացիայի և երեխաների բացառիկ կամքի շնորհիվ։
«Սյունեի և Մոնթեի հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարիքը սահման չէ, երբ կա նպատակ, հետևողական աշխատանք, պատասխանատու պատրաստություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
