Իրանի իշխանությունները նոր պայմաններ են ներկայացրել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցը բացելու համար։ Թեհրանը պահանջում է վերացնել պատժամիջոցները և փոխհատուցում վճարել հունիսին ստորագրված «փոխըմբռնման հուշագրի»՝ ամերիկյան զինվորականների կողմից խախտման համար, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը։
Իրանական պետական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խորհրդի ղեկավար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը Վաշինգտոնից պահանջել է երաշխավորել, որ Իրանը հետագայում չի ենթարկվի ԱՄՆ-ի սպառնալիքներին, ինչպես նաև դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից և վերացնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։
Թեհրանի պահանջների թվում են նաև Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը, իրանական սառեցված ակտիվների ապասառեցումը և երկրի դեմ իրականացված հարձակումների համար փոխհատուցման վճարումը։
Բացի այդ, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը պահանջել է դադարեցնել, իր ձևակերպմամբ, «Իրանի դաշնակիցների դեմ ագրեսիան» Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, իր հերթին, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի բացման հարցը կապված չէ Իրանի և Օմանի միջև ընթացող բանակցությունների հետ։