
Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ չեն վարում, և Թեհրանը չի պատրաստվում սկսել բանակցություններ, քանի դեռ «Վաշինգտոնը խախտում է հունիսին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը», այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ կողմերի միջև հաղորդագրություններ են փոխանակվում միջնորդների միջոցով։
Արաղչին կրկնել է Իրանի դիրքորոշումը, ըստ որի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թեհրանի և Մասկատի միջև համաձայնագիրը գտնվում է «վերջնական փուլում», սակայն այն չի նախատեսում ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղու վերաբացում։
Օրերս ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Օմանի և Իրանի միջև առաջընթաց է գրանցվել Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում, և «ակնկալվում է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի»։
Պաշտոնյան նշել էր, որ առևտրային նավագնացությունն առանց խոչընդոտների վերականգնելու մասին համաձայնության հայտարարվելուց հետո ԱՄՆ-ն կվերացնի իր կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը։