Նոլանի «Ոդիսականը» համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար, գրում է Variety-ն։ 

Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում շարունակվում է։ «Ոդիսականը» համաշխարհային վարձույթում հայտնվել է հուլիսի 17-ին։

Հոմերոսի պոեմի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է Տրոյական պատերազմից հետո Ոդիսևսի՝ տուն վերադարձի մասին։
Ֆիլմում նկարահանվել են Մեթ Դեյմոնը (Ոդիսևս), Էն Հեթուեյը (Պենելոպե՝ Ոդիսևսի կինը), Թոմ Հոլանդը (Տելեմաքոս), Ռոբերտ Փաթինսոնը (Անտինոոս), Էլիոթ Փեյջը (Սինոն), Լուպիտա Նիոնգոն (Ելենա Գեղեցիկ), Զենդայան (Աթենաս աստվածուհի), Շառլիզ Թերոնը (Կալիպսո դիցուհի), Բենի Սաֆդին (Ագամեմնոն) և Միա Գոթը (Մելանթո)։

Վարձույթ դուրս գալուց ընդամենը երեք շաբաթ անց Նոլանի կինոէպոպեան հավաքել է 429,65 մլն դոլար ԱՄՆ-ում և 578,8 մլն դոլար այլ երկրներում՝ ընդհանուր հասույթը հասցնելով 1,008 մլրդ դոլարի։

Սա Նոլանի երրորդ ֆիլմն է, որը հաղթահարում է միլիարդ դոլարի շեմը։ Դրանից առաջ այդ սահմանը հաղթահարել էին «Մութ ասպետը» (1,008 մլրդ դոլար) և դրա շարունակությունը՝ «Մութ ասպետը․ Վերածնունդ» (1,08 մլրդ դոլար)։ Սպասվում է, որ «Ոդիսականը» կդառնա ռեժիսորի կարիերայի ամենաեկամտաբեր ֆիլմը։

Ինչպես հայտնում է Pravilamag-ը, «Ոդիսականը» պատմության մեջ է մտել որպես առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որն ամբողջությամբ նկարահանվել է IMAX ժապավենային տեսախցիկներով (70 միլիմետրանոց ժապավենի վրա)։ Տոմսերի վաճառքից IMAX-ի հասույթը կազմել է 257 մլն դոլար. նշվում է, որ շաբաթվա վերջին Նոլանի ֆիլմը կդառնա ընկերության ողջ պատմության ընթացքում ամենաեկամտաբեր ֆիլմը։

«Ոդիսականը» դարձել է այս տարվա հինգերորդ ֆիլմը, որը կինովարձույթում հավաքել է մեկ միլիարդ դոլար։ Նման հաջողության վերջերս հասել էին «Մայքլը», «Խաղալիքների պատմություն 5-ը», «Սուպեր Մարիոյի» սիքվելը և «Սարդ-մարդը. Նոր օրը»։

Leave a Comment