Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Սյունիքն անվանել է «Արևմտյան Ադրբեջանի» մաս

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն օգոստոսի 8-ին ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքն անվանել է «Արևմտյան Ադրբեջանի» մաս, հայտնել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նա նշել է, որ այսօր, ըստ հայտարարությունների, «պատմական խաղաղության» մի տարին է և Ադրբեջանը՝ պետական AZ TV հեռուստաընկերության մեկ րոպեանոց նյութում արտահայտել է Ադրբեջանի վարած քաղաքականության իրական բնույթը։

«Հային համարել թշնամի, աչք ունենալ Հայաստանի Հանրապետության վրա, կարճ, կոնկրետ, մնացածը, ցավոք, լիրիկա է, իսկ ինքնախաբեության գինը մեզ վրա թանկ է նստում: Խաղաղությունը տգիտություն չի: Տգիտությունն էլ ուժ չի»,- գրել է Հայրապետյանը։

Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանն ու Ալիևը հաստատել էին պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը խաղաղության գործընթացի առաջմղման, տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ուղղությամբ։

Զրույցը տեղի էր ունեցել Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարեդարձի օրը, որի ընթացքում ստորագրվել էր Խաղաղության հռչակագիրը, ինչպես նաև նախաստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Leave a Comment