ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագծի իրականացման ներկա վիճակը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նրա անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։
Կողմերը նշել են, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։
Փաշինյանը և Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը, քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ընթացքը, TRIPP նախագծի իրականացումը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի զարգացումը։
