Զգում եմ, որ կարող եմ ևս մեկ տարի բարձր մակարդակով խաղալ․ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչն է իրեն համոզել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և արդյոք ունի խաղաժամանակի որոշակի երաշխիքներ, Մխիթարյանն ասել է.

«Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել. դա նույնիսկ արդարացի չէր լինի, քանի որ ինքս պետք է խաղադաշտում ապացուցեմ՝ արժանի եմ տեղ ունենալ թիմում, թե ոչ: Բայց զգում եմ, որ կարող եմ ևս մեկ տարի բարձր մակարդակով խաղալ, և ակումբի հետ միասին որոշեցինք մնալ ևս մեկ տարի: Հետո կտեսնենք»։

Խոսելով նոր մրցաշրջանում թիմի կազմում իր առաքելության և դերի մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է, որ դերը սովորականն է։

«Ես միշտ մարզվել եմ առավելագույնս, որպեսզի օրինակ ծառայեմ մյուսներին, հատկապես՝ երիտասարդներին»,-ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախորդ ամիս երկարաձգեց ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի ամառը։

Leave a Comment