Բժիշկներին սպասվում է անհատական լիցենզավորում․ ինչ է պահանջվելու քննությունը չհաղթահարած անձից

Նոր կարգավորմամբ անհատական լիցենզիան դառնալու է մասնագիտական գործունեության թույլտվություն, իսկ հավաստագիրը՝ շարունակական մասնագիտական կրթությունը փաստող փաստաթուղթ։ Բոլոր ավագ բուժաշխատողները, անկախ աշխատանքային փորձից, պետք է մասնակցեն քննություններին, իսկ մի քանի մասնագիտացում ունեցող բժիշկները՝ յուրաքանչյուր մասնագիտությամբ առանձին քննություն հանձնեն

Բժշկական ոլորտում նախատեսվում է անհատական լիցենզավորման նոր համակարգ։ Նոր կարգավորմամբ ավագ բուժաշխատողները մասնագիտական գործունեություն իրականացնելու համար պետք է ունենան անհատական լիցենզիա, իսկ հավաստագիրը կփաստի նրանց շարունակական մասնագիտական կրթություն ստանալու հանգամանքը։ Նախատեսվում է, որ անհատական լիցենզիա ստանալու համար բուժաշխատողները պետք է մասնակցեն կենտրոնացված քննության։ Քննությանը տրամադրվելու է երեք փորձի հնարավորություն, իսկ վերահանձնումների միջև պարտադիր ժամանակահատված չի սահմանվելու։ Քննությանը մասնակցությունն անվճար է, իսկ լիցենզիա ստանալու համար նախատեսվում է 6000 դրամ պետական տուրք։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավաստագիրն ու անհատական լիցենզիան տարբեր նպատակներ ունեն

Նոր կարգավորման համաձայն՝ հավաստագիրն ու անհատական լիցենզիան նույն նշանակությունը չեն ունենալու։ Հավաստագիրը լինելու է բուժաշխատողի շարունակական մասնագիտական կրթություն ստանալու հանգամանքը փաստող փաստաթուղթ։ Այն նաև հիմք է հանդիսանալու անհատական լիցենզիան ավտոմատ երկարաձգելու համար։ Իսկ անհատական լիցենզիան համարվելու է մասնագիտական գործունեության թույլտվության փաստաթուղթ։ Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում այն կարող է կասեցվել կամ դադարեցվել։

Եթե բժիշկն ունի և՛ ընդհանուր, և՛ նեղ մասնագիտական որակավորում և ցանկանում է երկու մասնագիտությամբ էլ զբաղվել, ապա պետք է հանձնի երկու առանձին քննություն։ Պատճառն այն է, որ անհատական լիցենզիայի վրա նշվելու է կոնկրետ մասնագիտացումը։

Քննությունը նախատեսվում է անցկացնել արհեստական բանականության հենքի վրա աշխատող հարթակով

Քննական գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է կիրառել արհեստական բանականության հենքի վրա աշխատող հարթակ։ Քննությանը մուտքը նախատեսվում է իրականացնել դեմքի ճանաչման՝ Face ID նույնականացմամբ։ Հարթակը նաև հետևելու է տեսախցիկով արձանագրվող կասկածելի շարժումներին, կողմնակի ձայներին, ինչպես նաև համակարգչի վրա այլ լրացուցիչ գործողությունների իրականացմանը։

Եթե բուժաշխատողը չի հաղթահարում քննությունը, նրան նախատեսվում է երեք փորձի հնարավորություն։

Փորձերի միջև պարտադիր ժամանակային ընդմիջում չի սահմանվելու։ Բուժաշխատողն ինքն է որոշելու, թե երբ է ցանկանում հանձնել կամ վերահանձնել քննությունը։ Մինչև վերահանձնումը բուժաշխատողը կարող է շարունակել մասնագիտական գործունեությունը՝ գործող հավաստագրի հիման վրա սահմանված ժամկետի ընթացքում։

Բժիշկների համար հենց լիցենզավորման քննությանը նախապատրաստվելու նպատակով առանձին վճարովի արձակուրդ չի նախատեսվում։ Միաժամանակ օրենսդրությամբ նախատեսված է տարեկան 10 աշխատանքային օր՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու համար։ Բուժաշխատողը կարող է այդ ժամանակահատվածը օգտագործել նաև լիցենզավորման քննությանը նախապատրաստվելու համար։

Անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպվող քննական գործընթացը լինելու է անվճար։ Միաժամանակ անհատական լիցենզիա ստանալու համար նախատեսվում է վճարել 6000 դրամ պետական տուրք։

Ովքե՞ր կմասնակցեն լիցենզավորմանը

Նոր կարգավորմամբ տարբերակված մոտեցում չի նախատեսվում նորավարտ բժիշկների և երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների միջև։ Բոլոր ավագ բուժաշխատողները պետք է մասնակցեն քննություններին՝ անկախ աշխատանքային փորձից։ Տրամադրված պարզաբանման համաձայն՝ բոլոր ավագ բուժաշխատողների համար քննության պահանջը նույնական է ԵՄ և ԱՄՆ ստանդարտներին։

Եթե բժիշկն ավարտել է օրդինատուրան, սակայն տվյալ պահին բուժական գործունեությամբ չի զբաղվում, նա կարող է մասնակցել համապատասխան քննություններին և ստանալ անհատական լիցենզիա, եթե ցանկանում է մասնագիտական գործունեությամբ զբաղվել։

2026–2027 թվականների ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրա ընդունված ուսանողները կրթական ժամանակահատվածի համար ստանալու են անցումային անհատական լիցենզիա։ Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո նրանք պետք է ձեռք բերեն անհատական լիցենզիա՝ հանձնելով կենտրոնացված քննությունը։

Նոր համակարգի ներդրմամբ գործընթացին մասնակցելու են բոլոր ավագ բուժաշխատողները՝ անկախ ավարտելու տարեթվից։ Տրամադրված պարզաբանման համաձայն՝ անցումային դրույթների անհրաժեշտություն չի նախատեսվում այն մասնագետների համար, որոնք վերջերս են ավարտել ուսուցումը և արդեն անցել են սահմանված ընթացակարգերը։

Կլինիկական լաբորատոր ախտորոշման այն մասնագետները, որոնք մինչև 2014 թվականը ներառյալ ունեն 10 տարվա անընդմեջ աշխատանքային փորձ լաբորատոր ախտորոշման ոլորտում, 2027 թվականի հունվարի 1-ից դիտվելու են որպես ավագ բուժաշխատող։ Այդ մասնագետները մասնակցելու են լիցենզավորման և հավաստագրման գործընթացին։

Լիցենզավորման քննության համար յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսվում են համապատասխան ուղղվածության թեստեր։ Քննական թեստերում նախատեսվում են նաև բուժաշխատողի էթիկայի կանոններին վերաբերող հարցեր։ Անհատական լիցենզիա ստանալու նպատակով քննական հարցաշարերը, գրականության ցանկերը և հղումները տեղադրված են Առողջապահության ազգային ինստիտուտի՝ nih.am պաշտոնական կայքում։ Նախատեսվում է, որ քննական հարցաշարերը մինչև նոյեմբերի 1-ը հասանելի կլինեն։

Բուժաշխատողներն իրենք են ընտրելու այն օրը, երբ ցանկանում են միանալ քննական գործընթացին։ Նույն մոտեցումն է նախատեսվում նաև վերահանձնման դեպքում․ փորձերի միջև պարտադիր հստակ ժամանակահատված չկա, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե երբ է վերահանձնելու քննությունը։

Ինչո՞ւ է ներդրվում հավաստագրման գործընթացը

Տրամադրված պարզաբանման համաձայն՝ հավաստագրման գործընթացը վերաբերում է բուժաշխատողի շարունակական կրթական զարգացմանը։ Դրա հիմնական նպատակն է բուժաշխատողներին հնարավորություն տալ ստանալու ապացուցողական բժշկության վրա հիմնված ոլորտի վերջին զարգացումներին համապատասխան կրթություն և որպես մասնագետ լինել մրցունակ։

Նշվում է նաև, որ գործընթացը բարձրացնում է բժիշկների վարկանիշը։ Միաժամանակ պաշտոնական պարզաբանմամբ՝ ներկայում բժիշկների արտահոսքի տենդենցը ավելացման միտում չունի։

Այս փուլում անհատական լիցենզիան նախատեսված է միայն ավագ բուժաշխատողների համար։ Այսինքն՝ նոր կարգավորումները ներկայում նախատեսված են ավագ բուժաշխատողների համար և չեն տարածվում բուժքույրերի, մանկաբարձների, լաբորանտների և մյուս բուժաշխատողների վրա։ Նոր համակարգով բժշկական գործունեության իրականացումը կապվելու է անհատական լիցենզիայի առկայության հետ, իսկ հավաստագիրը փաստելու է բուժաշխատողի շարունակական մասնագիտական կրթությունը։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment