Բնակարանաշինություն, կրթական հաստատություններ․ շինարարության ոլորտում երկնիշ աճը պահպանվում է

Երկնիշ աճ՝ շինարարության ոլորտում։ Վիճակագրական վերջին տվյալները սրա մասին են վկայում։ Ոլորտում առաջատարը դեռ բնակարանաշինությունն է։ Բայց սա էլ իր հերթին գների բարձրացման է հանգեցնում։ Կենտրոնական բանկում դեռ չեն շտապում գնահատել՝ արդյո՞ք գերտաքացման ռիսկ կա, բայց փորձագետները շինարարության ոլորտում պահպանվող բարձր ակտիվության և անշարժ գույքի պահանջարկի անհավասարակշռության որոշակի ռիկսեր նկատում են։

Հայաստանում տնտեսական աճի շարժիչ ուժը մնում են շինարարությունն ու ծառայությունների ոլորտը։ Սա արձանագրում են և՛ վիճակագրական տվյալները, և՛ ԿԲ–ն։ 2026 թ. հունիսին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է ավելի քան 74 մլրդ 883 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է շուրջ 25.5%-ով: Իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության զգալի մասը անշարժ գույքի հետ է  կապված։ Տնտեսագետ Սոս Խաչիկյան․

 «Դա նշանակում է, որ բոլոր դեպքերում շինարարության ոլորտում ներդրումները կան, առկա են, թեկուզև անշարժ գույքի տեսքով ուղղակի մնան, չիրացվեն։ Հիմա որոշ դեպքերում այդպես է, որովհետև գործարքները նվազել են, չեն իրացվում, բայց շինարարությունը համենայն դեպս դեռևս տնտեսության մեջ եկամտաբեր ճյուղ է համարվում»։        

Հաջորդը կրթական հաստատություններում իրականացված գործունեությունն է՝ ավելի քան 16 տոկոս, ապա փոխադրումները և պահեստային տնտեսությունը՝ 11%:

Շինարարության ոլորտում պահպանվող բարձր ակտիվության և անշարժ գույքի պահանջարկի անհավասարակշռությունը վտանգներ է առաջացնում, որոնք պետք է գնահատվեն՝ կարծում են մասնագետները։ Տնտեսագետ  Մերի Բոյաջյան․

 «Շինարարությունն այն ոլորտն է, ուր ուղղվում է հիպոթեկային վարկերի մեծ մասը, և այստեղ դեռևս բարձր ակտիվություն է պահպանվում, և այստեղ որոշակի ռիսկային միջավայր է ստեղծվում, քանի որ դուրս է եկել եկամտային հարկի վերադարձի օրենքը, ինչը ենթադրում է պահանջարկի հնարավոր անկում անշարժ գույքի նկատմամբ»։

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների միջոցներից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ ավելի, քան 32 մլրդ 840 մլն դրամ։ Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 28.6%-ով:

Եթե բնակարանաշինությունը աճի նույն տեմպերով, բայց պահանջարկը նվազի, հնարավոր է՝ շուկան հայտնվի հագեցած վիճակում։ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը անշարժ գույքի շուկայում երկրորդ եռամսյակում գնաճի որոշակի արագացում է արձանագրում․

 «Բայց դա շատ բարձր չէ։ 12–ամսյա գնաճը միանիշ թիվ է, կան տվյալներ, որ այն արագանում է։ Վիճակագրական տվյալները կֆիքսենք ու կկայացնենք որոշումներ»։

Գլխավոր դրամատանը անշարժ գույքի շուկայում գների գերտաքացում չեն կանխատեսում, բաց և նկատում են՝ բնակարանների գները նորից սկսել են աճել։

Leave a Comment