Տեսակէտ. Խաբուած ու Խաբէութեամբ Սնուող Ժողովուրդ

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Յունիս 7-ի բացայայտ զեղծարարութեամբ կրկին իշխանութեան տիրացած ինքնահռչակ խորհրդարանը սկսելու է իր երկրակործան 9-րդ շրջանը, ձեւականօրէն 3 քաղաքական ուժերով` Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւն` 64 պատգամաւոր, «Ուժեղ Հայաստան»` 29 պատգամաւոր, «Հայաստան»` 12 պատգամաւոր, բայց իրականում, ինչպէս անցեալում, միայն մէկ քաղաքական ուժ` երկիրը զաւթած իրենց ճանկերում պահող ՔՊ-ն է իշխելու:

Բնականաբար այս նոյն իշխանութեամբ շարունակելու ենք ականատես լինել ոչ թէ երկրի տնտեսական, ռազմավարական հարցերի լուծմանը, մեր վտանգուած անկախութեան ամրապնդմանը, մեր կործանուող ապագայի վերականգմանը, այլ նախորդած տարիներին որդեգրած մէկ անձի` երկրի ինքնահռչակ վարչապետի որոշումների հաստատմանը, նրա այլանդակ, խուլիկանական բառապաշարով յարձակումներին, զրպարտութիւններին, ստախօսութիւններով իր գործած յանցանքների պաշտպանութեանը:

Հետեւաբար ոչ մէկ տարբերութիւն է լինելու նախորդ տարիներից: Տարբերութիւնն այն է, որ ԱԺ-ի  հաստագլուխ, անկիրթ թրքասէրների մի խումբ փոխարինւում է մէկ այլով, իսկ ինչպէս տեսնում ենք, ժողովուրդն էլ արդէն հաշտուած իր ձայնի արհամարհուած վիճակին, անտարբերօրէն շարունակում է իր ամառային բացօթեայ զուարճանքները:

Իսկ աշխարհում ժամ առ ժամ խառնաշփոթն է աւելանում, աշխարհաքաղաքական տագնապներն աւելի սուր բնոյթ են ստանում, ամէնուրեք ահազանգւում է երրորդ համաշխարհայինի մօտալուտ բռնկումը, մեր անմիջական սահմանակից հարեւան երկրում պատերազմն է իր զանգուածային աւերը գործում, ողջ Մերձաւոր Արեւելքը  վտանգում, ուքրանական պատերազմում ներգրաւուած Եւրոպան արդէն Ռուսաստանի դէմ պատրաստուող պատերազմի բացայայտ կոչեր է ուղղում, իսկ աշխարհից կտրուած մեր երկրում հին վրէժխնդրութիւնը նոր զգեստաւորումով, նոր սուտերով, ինքնազաւթած իշխանութեան կարգախօսը դառնալով` շարունակելու է սնել ժողովրդին իրենց բռնազաւթումի յաջորդող տարիներին` նրանց ուշադրութիւնը շեղելով երկրի եւ ողջ տարածաշրջանի վտանգուած իրավիճակից:

Ընդունենք, որ մեր երկրի սահմանափակ  հնարաւորութիւնները` փոքր երկիր, որով գոյատեւել ենք` սահմանափակ տարածք, սահմանափակ դրամային շրջանառութիւն, աշխարհի հետ տնտեսական սահմանափակ յարաբերութիւն, այս բոլորը ազդել են մեր մտածողութեան ու հոգեբանութեան վրայ: Արդէն 8 տարի մենք չենք հասկանում, չենք տեսնում դէպի կործանում գնացող մեր ապագան, չենք կարողանում կողմնորոշուել` ի վերջոյ ո՞ւր է տանում Արեւմուտքի կողմից «գունաւոր յեղափոխութիւն» անուամբ մեզ գլխիվայր շրջած ներկայ թափթփուկ իշխանութիւնը:

Չենք փորձում նոյնիսկ բացայայտել` Արցախի յանձնման պատասխանատուներին, գլխաւոր դաւաճանին պատասխանատուութեան ենթարկել, փաստեր հաւաքել, քանի դեռ դրանք չեն ոչնչացրել: Չենք փորձում փրկուել, դուրս գալ մեզ խեղդամահ անող ներկայ իշխանութեան ճիրաններից, փոխարէնը` կրկին իր աթոռազաւթումն ենք խոնարհօրէն ընդունում:

Ի վնաս մեզ, ներգրաւուել ենք աշխարհի քաղաքական խաղերի մէջ` չմտածելով մեր ապագայի մասին: Չենք ուզում ընդունել, որ ակնյայտօրէն թշնամին է մեր ճակատագիրը տնօրինում, որ` այդ նոյն մեր պարծեցեալ, մեզ ղեկավարող, քայքայող Արեւմուտքը մեր տարածքն օգտագործում է իր շահի, իր հետագայ մեծ ծրագրերի համար, որ արդէն մեր սահմանամերձ, մեր հարեւան երկիրն է ոչնչացնում:

Որքան էլ երկրի  «օրէնսդիր» համակարգը, որը երբեք չի թաքցրել իր փտածութիւնը, իր անսակարկ ծառայութիւնը` տիրող իշխանութեանը, փորձեց քողարկել վերջին ընտրութիւններում կատարուած կեղծիքները, միեւնոյն է, ողջ բացայայտումով հանդերձ, հաստատեցին, որ երկրում տիրող միանձնեայ իշխանութիւնն անփոխարինելի ու անպարտելի է, քանի այն ծառայում է ոչ թէ իր երկրին, այլ` իր վարձկաններին, իսկ վարձկանները աշխարհի ուժեղագոյնների համար դեռ պէտք են:

Չեմ ուզում կրկին անդրադառնալ երկրի ղեկավարման համար իրենց թեկնածութիւնը առաջարկած ընդդիմութեան ձախողմանը, այսօրուայ նրանց վիճակին, միայն ցաւով շեշտելու, կրկնելու եմ, որ երկրի ղեկավարման համար իրենց թեկնածութիւնը առաջարկած անձինք պէտք է արագ գործելու, արագ որոշումներ կայացնելու, իրենց վստահուած ժողովրդի ձայները պաշտպանելու կարողութիւն ունենային: Սա իրենց տրուած վերջին հնարաւորութիւնն էր մեր գահավիժող երկիրը փրկելու համար այս վտանգաւոր ժամանակահատուածում, երբ ժողովուրդը պատրաստ էր իր տուած ձայնը պաշտպանելու, սակայն այդպէս էլ իրեն առաջնորդող չունեցաւ:

Մեր ապրած դարաւոր փորձութիւնից արդէն գիտենք, որ թշնամին բոլոր ժամանակներում, ամէնուրեք, տուեալ երկիրը գրաւելու համար ամէնից առաջ ժողովրդի առաջնորդներին է գլխատել, որ յետոյ հեշտութեամբ տիրի անգլուխ երկրին, որին վերջերս ողջ աշխարհը ականատես եղաւ Իրանի պատերազմի սկզբում` նենգօրէն երկրի առաջնորդներին վերացնելով: Բայց ի զարմանս այդ ոճրագործ կազմակերպիչների, անմիջապէս երկիրը եւ ժողովրդին պաշտպանող նոր առաջնորդներ յայտնուեցին` հաստատելով, որ հնարաւոր չէ իր երկիրը պաշտպանողներին անառաջնորդ թողնել, նրանք միշտ պատրաստուած հետեւորդներ ունեն, հներին անմիջապէս փոխարինում են զօրաւոր նորերը:

Ցաւօք, ի հակադրութիւն իրենց, մենք դէմ ենք առաջնորդների, մենք ոչ միայն սիրում ենք անառաջնորդ մնալ, այլ օգնում ենք, որ երկրի ներկայ ղեկավարութեանը մեր դարաւոր թշնամու ուղեղն ու ձեռքը դարձած` ինքը կատարի առաջնորդների վերացումը, երկրի ապագայի համար պայքարողներին, ժողովրդին առաջնորդողներին կալանքի ենթարկելով, նրանց դէմ դատական վարոյթներ յօրինելով, ժողովրդին անգլուխ թողնելով, թշնամուն ազատելով այդ դատապարտելի պատասխանատուութիւնից:

Մինչ աշխարհի հզօրները ամէն տեսակի անօրինութիւններն օգտագործում են Բ. Համաշխարհայինից յետոյ իրենց տիրացած աշխարհագրական տիրոյթները, նրանց հարստութիւնները ամէն գնով իրենց ձեռքում պահելու, իրենց երկիրը հարստացնելու համար, մեր երկրի վարձկան ղեկավարը հիմա էլ անձնական վրէժխնդրութեամբ իր կարօտած, նախախորհրդային, պոլշեւիկեան միջոցներն է օգտագործում երկրի եկամտաբեր, ժողովրդին գործ ապահովող, երկրի տնտեսական աճին օգնող անհատների ունեցուածքները յափշտակում, «պետականացում» անուան տակ խլելով, տէրերին տարբեր կեղծ յօդուածներով բանտարկում: Բաւարար չէ, որ երկիրը դարձրել է իր անձնական տարածքը, երբ որքան ցանկանում, այնքան յանձնում է թշնամուն, երկրի ներսում էլ ամէն ինչ օգտագործում է իր միանձնեայ իշխանութեան հաստատմանը համար, յօգուտ իր աթոռի պահպանմանը, հաշուեյարդար տեսնում բոլոր նրանց հետ, որոնք համարձակուեցին իր հետ ընտրապայքարի մրցակցութիւնում աւելի շատ ձայներ ապահովել: Կարճ ասած, նա վրէժխնդիր է լինում իրեն չընտրած ժողովրդից` նրանց դէմ նախօրօք պատրաստուած քրէական գործ յարուցելով, կալանաւորելով, ունեցուածքների բռնագրաւումով, ահաբեկումներով, նրանց իր հսկողութեան տակ պահելով: Այս ամէնը կոծկում է Եւրոպայից գալիք լիառատ սուտ ու վախկոտ խոստումներով, որով ոգեւորուած է ժողովուրդը, սակայն շատ շուտով բացայայտուելու են Եւրոպայի իրական նպատակները` նոր յուսախաբութեան մատնելով իրենց բարելաւման ապագան նրանց խոստումներում տեսնող մեր ժողովրդին:

Զարմանալի է, որ ժողովրդի մեծագոյն  հատուածը, որ աշխուժօրէն երթեւեկում է ողջ Եւրոպայով,  չի տեսնում այդ երկրների ստախօս, սնանկ, իրենց դիմագիծը ամբողջովին կորցրած, իրենց կործանած երկրներից փախստականներով ծանրաբեռ վիճակը, այդ ամէնին աւելացրած` ձեռ ու ոտ ընկած դրամ ապահովելով հզօր  Ռուսաստանին ծնկի բերելու նրանց վարած քաղաքականութիւնը, որը ամենեւին էլ նոր չէ: Եւրոպան իր գլուխը պատէ պատ է խփում` ինքնիրեն փրկելու, ո՛ւր մնաց մեզ հասնի:

Մեր ժողովրդի կենսագրութիւնը զարմացնում է դեռ շարունակուող իր միամտութեամբ: Տասնամեակներ անգամ օտար խոստումներից խաբուած, իր այդ հաւատքի համար անասելի կորուստներ տուած, իւրաքանչիւր անգամ էլ աւելի փոքրացած, երբեք ոչինչ շահած եւ դեռ օտարից նոյն հաւատքով փրկութիւն սպասող այսօրուայ իր մօտեցումը իրապէս այլեւս անընդունելի է: Ինչպէ՞ս արդարացնես ժողովրդի այդ հաւատքը, երբ ամէն անգամ ոչ միայն խաբուել, այլ այդ հաւատքը կորուստներով ու կեանքերի գնով է վճարել:

Սակայն, առանց պատմութեան մէջբերումի, մեր օրերում, մեր աչքի առջեւ, իր հազարաւոր կորուստներով իր երկիրը վաճառած իշխանութիւնը իր դաւաճանութիւնը նետելով  նախկինների վրայ, ինքն իրեն արդարացնելով, պատասխանատուութիւնից ազատուելով` նրանց դէմ կատաղի թշնամութիւն քարոզեց եւ դեռ շարունակում է, իսկ ժողովուրդը իր անցած դժուարին ճանապարհը, մինչեւ իսկ իր կորուստները ոտնակոխելով, իր իմաստութիւնը զանց առնելով` շարունակում է այս վարձկանի քարոզչութեան զոհը դառնալ, իր թէկուզ մէկ ձայնը նրան տալ:

Վստահաբար պետութիւնների համատարած ստախօսութիւնն ու խաբէութիւնն այլեւս ամբողջովին կաթուածահար է արել իրենց առօրեայով տարուած ժողովրդների միտքն ու իրականութիւնը տեսնելու-վերլուծելու կարողութիւնը:  Ամէնուրեք սուտ լուրերով ժողովրդին զբաղեցնելը դարձել է 24-ժամեայ սնունդ բոլոր երկրների համար,  որը ստացող ժողովուրդը ժամանակ եւ հնարաւորութիւն չունի փաստերը ստուգելու, լուրերը պրպտելու, բնականաբար հաւատում է, կամ էլ կարեւորութիւն չի տալիս իրեն հրամցուող սուտ լուրերին, որը հետեւողական, ամէնօրեայ ուղեղ քայքայող  քարոզչութիւն է: Անշուշտ այդ քարոզչութիւնում Ամերիկան գրաւում է բարձրագոյն տեղը, այնտեղ ապրողներս գիտենք այդ ամէնը, բայց աշխարհին ներկայանում է իր «ժողովրդավարութեան եւ արդարութեան անբասիրութեամբ», համարւում միակ օրինաւորն ու վստահելին աշխարհում, յատկապէս` նրա ստայօդութիւնը չուայելած փոքր ժողովուրդների, մեզ համար:

Այնինչ մեր աչքի առաջ, այս օրերում մենք ականատես ենք Ամերիկայի վարած ռազմատենչ, աշխարհը կողոպտող, քայքայող քաղաքականութեանը, որը շատերիս համար ամենեւին էլ նորութիւն չէ:

Բ. Համաշխարհայինից յետոյ մրցակցութիւն չունեցող, գերհզօր, ազատագրած երկրների հարստութիւնը կողոպտած, հազար ու մի կեղծիքներով իշխանութիւններ տապալած եւ դեռ տապալող, երբեք պատասխանատուութեան չենթարկուած Ամերիկան այսօր չի հանդուրժում աշխարհում ի յայտ եկած նոր հզօրներին` Չինաստանին եւ Ռուսաստանին: Միւս կողմից` իր ամենակալ քարոզչութիւնը, որին անսակարգ հաւատում էր աշխարհը, ճաքեր է տուել, փլուզուել է, իրականութիւնը սպրդում է նոյն ուժով, ինչ ուժով որ պաշտպանում են իրենց ստերը, սակայն` ոչ մեզ համար: Մեզ համար նրա յայտարարութիւնները անսակարկ եւ միակ ճշմարտութիւնն են:

Մենք, ինչպէս միշտ, ուշ ենք արթնանում եւ միշտ քնաթաթախ ենք հետեւում ոչ միայն մեր, այլ մեր շուրջ կատարուող իրադարձութիւններին, նոյնիսկ այս օրերին ոչ մէկ կապ տեսնում ենք մեր տարածաշրջանում կատարուող իրադարձութիւններից բխող մեզ համար էլ վտանգաւոր հետեւանքների հետ:

Նոյնիսկ չենք հասկանում, թէ ինչո՛ւ մեր վարձկան իշխանութիւնը այնքան եռանդօրէն ժողովրդի մէջ թշնամութիւն սերմանեց ու աճեցրեց 8 երկար տարիներ Ռուսաստանի դէմ, հիմա էլ ԵԱՏՄ-ից դուրս գալու իր կեղծ զրպարտութիւն յոխորտանքներով չափւում է նրա հետ, փորձում է իր խորամանկութիւններն օգտագործելով  արդարանալ, երկրի տնտեսականն ու գոյութիւնը վտանգել:

(Շար. 1)

Leave a Comment