Վենեսուելահայ Դոմինգո Հինդոյանը՝ Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն

Հայտնի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը պաշտոնապես ստանձնել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարի պաշտոնը։

Նրա հնգամյա պայմանագիրն արդեն ուժի մեջ է մտել։ Հինդոյանը այս պաշտոնում փոխարինել է Ջեյմս Քոնլոնին, որը 20 տարի ղեկավարել է թատրոնի նվագախումբը։

Որպես հրավիրյալ դիրիժոր՝ Հինդոյանը համագործակցում է աշխարհի առաջատար օպերային թատրոնների և նվագախմբերի հետ, այդ թվում՝ «Մետրոպոլիտեն» օպերայի, Փարիզի ազգային օպերայի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի։ 2021 թվականից նա նաև Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։

Դոմինգո Հինդոյանը ծնվել է Վենեսուելայում։ Նրա հայրը՝ Դոմինգո Գարսիան, ջութակահար է, եղել է Վենեսուելայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը և նախագահը։ Մայրը՝ Վիկի Հինդոյանը, սիրիահայ է, ծնվել է Հալեպում և աշխատել է որպես իրավաբան Վենեսուելայի Ազգային խորհրդարանում։

Leave a Comment