Իրավաբան, գործարար Արմեն Սաքապետոյանը հրապարակային դիմում է հասցեագրել հանրությանն ու լրատվամիջոցներին՝ ներկայացնելով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ենթադրյալ արտահոսքի դեպք։ Iravaban.net-ը ներկայացնում է նրա դիմումը։
Ի՞նչ է պնդում դիմողը
«Ես Արմեն Սաքապետոյանն եմ՝ իրավաբան, գործարար։ Որոշել եմ դիմել հանրությանն ու լրատվամիջոցներին, քանի որ խնդիրը, որին բախվել եմ, դուրս է եկել անձնական տիրույթից. խոսքը վերաբերում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների զանգվածային արտահոսքի դեպքին», – նշում է նա։
Ըստ նրա՝ 2021 թվականին իր և ընտանիքի անդամների մասով տեղի է ունեցել բանկային տվյալների ապօրինի արտահոսք, որը հայտնվել է ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ՝ առանց քրեական վարույթի և առանց դատարանի որոշման։
Ի՞նչ փուլում է գործը
Դիմողի պնդմամբ՝ Հայաստանում գործող բոլոր բանկերը հերքում են իրենց կողմից տվյալների տրամադրումը, իսկ իրավապահ մարմինները մերժել են քրեական գործի նախաձեռնումը։ Ըստ նրա՝ մերժման որոշումն այս պահին բողոքարկվում է դատարանում։
Ինչո՞ւ է դիմել հանրությանը
«Այս ահազանգը միայն իմ ընտանիքի կամ բիզնեսի մասին չէ։ Եթե այսօր կարելի է շրջանցել օրենքը, խախտել բանկային գաղտնիքն ու ապօրինաբար կաթվածահար անել բիզնեսի գործունեությունը, ապա վաղը նույն իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի, գործարար, ներդրող», – ասված է դիմումում։
Արմեն Սաքապետոյանը նշում է, որ պատրաստակամ է պատասխանել լրագրողների հարցերին ցանկացած ձևաչափով և առաջիկայում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ ու իրավական փաստաթղթեր։
Դիմողը գործի մանրամասները ներկայացրել է տեսանյութով, որի հղումները տրամադրել է լրատվամիջոցներին՝ Google Drive և Facebook։
Iravaban.net-ը պատրաստ է ներկայացնել նաև գործի մյուս կողմերի դիրքորոշումները։
Ծանուցում. սույն նյութում ներկայացված են դիմողի պնդումները, որոնք իրավական գնահատական չեն ստացել։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։