
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Մեքքայում համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հանդիպման ժամանակ։
Համաձայնագրի առանցքային դրույթի համաձայն՝ երեք պետություններից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, պաշտոնական հայտարարության մեջ կողմերի կոնկրետ պարտավորությունների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Թուրք անանուն պաշտոնյայի խոսքով՝ այս դաշինքն ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ, բաց է տարածաշրջանի մյուս պետությունների համար և չի չեղարկում կամ փոխարինում կողմերի միջև գործող միջազգային պայմանագրերը։ Այս համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են մոտ մեկ տարի։