ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների գնման արդյունքում ավելի քան 500 մլն դրամ ենք խնայել․Ռոմանոս Պետրոսյան

Այսօր ավելի քան 500 մլն ՀՀ դրամի խնայողություն ունեցանք 25 հազար հատ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման մրցույթի արդյունքները ՀԷՑ-ում ամփոփելիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ընդ որում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող այն նույն ընկերությունը, որը վերջին տարիներին «մենաշնորհային» մատակարարումներ էր անում ՀԷՑ-ին, սակայն այս անգամ «ստիպված էր» վերասակարկել մատակարարման գնի շուրջ, քանի որ բաց և թափանցիկ մրցութային գործընթացին այժմ արդեն մասնակցում էր ՀՀ-ում գործող մեկ այլ էներգատեխնիկական ոլորտի արտադրանք տվող հսկա ձեռնարկություն, ում մուտքն այս ոլորտ տարիներ ի վեր «փակ էր» ՀԷՑ-ի օրվա սեփականատերերի «թեթև ձեռամբ»։

Պետության կողմից լեգիտիմ միջամտության և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու և խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար։

Հ.Գ. Նշեմ, որ 25 հազար հաշվիչների ձեռքբերման համար ՀԷՑ-ի տարեկան գնումների պլանով նախատեսված էր շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ, իսկ մրցույթի նախահաշվային արժեքը սահմանված էր շուրջ 1,944 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարիներին նմանատիպ հաշվիչների ձեռքբերման միջինացված արժեքի հիման վրա է ձևավորվել: Սակայն ՀԷՑ-ում գնումների թափանցիկության և մրցակցայնության ապահովման շնորհիվ նույն կազմակերպությունը վերասակարկման արդյունքում պատրաստակամություն հայտնեց՝ մատակարարելու նույն խմբաքանակը 1,430 մլրդ ՀՀ դրամով և հաղթող ճանաչվեց։

Հ.Գ.Գ. Խնայված միջոցները վերաբաշխման արդյունքում կուղղվեն բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքների իրականացմանը հաճախակի վթարներ ունեցող բնակավայրերից մեկում։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

Leave a Comment