Առաջին անգամ դատարանի առաջ․ Ամենայն հայոց Կաթողիկոսը՝ քրեական դատարանում

Դատարանի դահլիճում այսօր քննվում է ոչ միայն քրեական գործ, այլև վերջին ամիսներին խորացած իշխանություն–եկեղեցի հակասության ամենազգայուն դրվագներից մեկը։ Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել են   Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գործող կաթողիկոսը կանգնել է քրեական դատարանի առաջ։ 

Ամենայն Հայոց կաթողիկոսն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քրեական դատարանի առաջ է կանգնում։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել են  Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով նախնական դատալսումները։

Մեղադրանքի հիմքում քաղաքացիական դատարանի որոշման չկատարումն է։ Խոսքը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծման մասին է։ Վերջինս դատարանում վիճարկել էր եկեղեցու որոշումը, և դատարանը պարտավորեցրել էր վերականգնել նրա իրավունքները։ Սակայն Մայր Աթոռը հրաժարվել է կատարել այդ դատական ակտը՝ պնդելով, որ հոգևորականների կարգավիճակը որոշելը եկեղեցու բացառիկ իրավասության շրջանակում է, և պետությունը չի կարող միջամտել ներքին կառավարմանը։ Հենց այդ որոշման չկատարումն էլ դարձել է քրեական գործի հիմքը։

Քրեական գործը քննվում է այն պայմաններում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն կոչ է արել Գարեգին Երկրորդին հրաժարական տալ։

 «Ու՞մ նկատի ունեք կաթողիկոս ասելով, ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում»։

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ գործը բացառապես իրավական հարթությունում է։ Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և որ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ազատվել դատական ակտերի կատարումից։ Միաժամանակ նա շարունակել է քննադատել եկեղեցու ղեկավարությանը՝ մեղադրելով քաղաքական գործընթացներին միջամտելու և արտաքին ազդեցությունների շահերը սպասարկելու մեջ։

«Եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, և այդ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, ինքը կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը… Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում։ Դրա համար ենք մենք ասում Կտրիճ Ներսիսյան»։

Խորհրդարանական ընդդիմությունը, հակառակը, դատավարությունը համարում է քաղաքական հետապնդում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է.

«Դուք վիրավորում և նսեմացնում եք մեր հավատքը, և սա միայն Վեհափառ հայրապետի դեմ ուղղված արշավ չէ սա արշավ է Հայ առաքելական ամբողջ եկեղեցու դեմ»։

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստից առաջ ընդդիմադիր պատգամավորներն այցելել էին Մայր Աթոռ՝ Գարեգին Երկրորդից օրհնություն ստանալու։ Այդ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հայտարարել էր, որ եկեղեցու դեմ հակասահմանադրական քայլեր են արվում․ մեջբերում․

«Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ։ Մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը»։

Գարեգին Երկրորդի դեմ դատական հարցին անդրադարձել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ դա որակելով անընդունելի և դատապարտելի։ Նրա խոսքով՝ ինքը Գարեգին Երկրորդին խորհուրդ է տվել անձամբ չներկայանալ դատարան և մասնակցությունն ապահովել ներկայացուցչի միջոցով։

Այս ընթացքում հանրային բանավեճի առանձին թեմա է դարձել նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմելու ձևը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Երկրորդին շարունակում է դիմել ոչ թե հոգևոր կոչումով, այլ ավազանի անունով, ինչը նոր հակասություններ է առաջացրել։ Իշխանությունը դա ներկայացնում է որպես օրենքի առաջ հավասարության և անձնական վերաբերմունքի արտահայտություն, մինչդեռ եկեղեցու և ընդդիմության ներկայացուցիչները դա դիտարկում են որպես եկեղեցական ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանում հայտարարել է.

«…ցանկացած հոգևորականի ավազանի անունով դիմելը… անարգանք է ոչ թե հոգևորականին, այլ ամբողջ հոգևոր համայնքին… Իմ երեխաների, վստահ եմ նաև ձեզանից շատերի երեխաների ճակատին, դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառ Հայրապետը…»

Նրա ելույթին արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ սա բարեկրթության հարց չէ, այլ քաղաքական և եկեղեցական դիրքորոշման։

«Մարդուն իր ավազանի անունով կամ հոգևորական անունով դիմելը արդեն քաղաքական, գուցե նաև եկեղեցական դիրքորոշման հարց է…»

Եկեղեցու շուրջ լարվածությունը նոր փուլ մտավ մեկ տարի առաջ, երբ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ «իրենց ձևով» են մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Այդ հայտարարությունից հետո իշխանության և եկեղեցու միջև հակասություններն ավելի բաց և կոշտ դրսևորումներ ստացան։

Գարեգին Երկրորդի շուրջ ծավալվող գործընթացին անդրադարձել են նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները։

Reuters-ը գործընթացը բնութագրում է որպես Հայաստանի նորագույն պատմության ամենանշանակալի իրավական գործընթացներից մեկը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունենում իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ամիսներ շարունակ խորացող հակասությունների ֆոնին։ Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին տարիներին եկեղեցին բացահայտ քննադատել է կառավարության քաղաքականությունը, հատկապես Ադրբեջանի հետ բանակցությունների և հետպատերազմյան գործընթացների շուրջ։

Դատավարությունը նոր է մեկնարկել։ Եթե դատարանը մեղադրանքը հիմնավորված համարի, Գարեգին Երկրորդին և մյուս մեղադրյալներին կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում։

Leave a Comment