Սիրիայի 5%-ն օկուպացրել եք. Գիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան Ֆիդանին

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կտրուկ մերժել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի մեղադրանքները, թե Իսրայելի քաղաքականությունն ապակայունացնում է Սիրիան: Սաարն իր հերթին Թուրքիային մեղադրել Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու և նրա տարածքներն օկուպացնելու մեջ:

Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ Թուրքիան վերահսկում է Սիրիայի տարածքի 5%-ը և այնտեղ ռազմական բազաներ է ստեղծում, մինչդեռ Իսրայելի վերահսկած բուֆերային գոտին կազմում է Սիրիայի տարածքի ընդամենը 0,1%-ը: Ըստ Սաարի՝ իսրայելական ուժերը 2024 թվականի դեկտեմբերին այդ գոտի են մտել միայն այն բանից հետո, երբ սիրիացի զինյալները խախտել են 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագիրը: Նա ընդգծել է, որ Իսրայելի քայլերը կրում են բացառապես անհրաժեշտ և նվազագույն պաշտպանական բնույթ:

Բացի այդ, Սաարը հիշեցրել է, որ Անկարան տասնամյակներ շարունակ ինքն է խախտում միջազգային իրավունքը՝ մատնանշելով Սիրիայում ու Իրաքում քրդերի դեմ թուրքական լայնածավալ արշավները և Կիպրոսի 36%-ի շարունակվող օկուպացիան: Նա հավելել է, որ Իսրայելը երբեք չի դադարի պաշտպանվել և կշարունակի քայլեր ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Այս հեռակա բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ օգոստոսի 6-ին Անկարայում Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը լուրջ սպառնալիք է Սիրիայի կայունության համար, և կոչ էր արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա:

Leave a Comment