Մասիսի քրեական դատարանում օգոստոսի 5-ին շարունակվեց Արտաշատում տեղի ունեցած սպանության գործի դատաքննությունը։
Դատարանն անցավ գործով վկաների հարցաքննությանը, Հերթական դատական նիստում դատարանը լսեց գործով մեկ վկայի։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատարանը հետազոտել էր գործով իրեղեն ապացույցներից մեկը՝ դեպքի հետ առնչվող ավտոմեքենան, այսպիսով ավարտելով ապացույցների հետազոտման փուլը։
Ըստ մեղադրանքի՝ դեպքի նախապատճառը եղել է կողմերի զավակների միջև ծագած վիճաբանությունը, որից հետո կողմերը պայմանավորվել են հանդիպել՝ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Հանդիպման ընթացքում վեճը վերածվել է զանգվածային բախման, որի ընթացքում կիրառվել են հրազեն, կտրող-ծակող գործիքներ, ինչպես նաև տարբեր առարկաներ։ Արդյունքում հրազենային և այլ մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի անձինք, իսկ երկու անձ, որոնցից մեկը անչափահաս՝ մահացել են։
Դատաքննությունը շարունակվում է, առաջիկա նիստերում դատարանը կշարունակի գործով վկաների հարցաքննությունները։