Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի միջև մենամարտի պաշտոնական հայտարարությունը անակնկալի է բերել մարզասերներին։ Սպասվում էր, որ սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում Հայաստանը ներկայացնող մարտիկը կմրցի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ: BMF տիտղոսակիրն իսկապես պետք է մասնակցեր մրցաշարին, սակայն հրաժարվել է մենամարտից:
Բրազիլացի մարտիկի թիմին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Օլիվեյրան հրաժարվել է Ծառուկյանի դեմ ռևանշից՝ իր թիմակից Ալան Նասիմենտոյի մահվան պատճառով։ Վերջինս կյանքից հեռացել է երեք օր առաջ՝ քնած ժամանակ սրտի կաթված ստանալով։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Օլիվեյրայի դիմակայությունը պետք է լիներ ռևանշ-մենամարտ։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է 2024 թվականի ապրիլին և ավարտվել է հայ մարտիկի հաղթանակով։ Դրանից հետո Ծառուկյանը UFC-ում անցկացրել է ևս մեկ մենամարտ՝ նախորդ տարվա նոյեմբերին խեղդող հնարքով վաղաժամ հաղթելով Դեն Հուկերին։