Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլին» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մարինո Պուշիչի նշանակման մասին։ Խորվաթական և հոլանդական արմատներ ունեցող մասնագետը ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
Նախկինում Պուշիչն աշխատել է հոլանդական «Տվենտե», «ԱԶ Ալկմար» և «Ֆեյենորդ» ակումբներում։
2023 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հունիսը Պուշիչը գլխավորել է «Շախտյորը», որի հետ դարձել է Ուկրաինայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։ 53-ամյա մարզչի վերջին աշխատավայրը եղել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ջազիրան»։ Նրա գլխավորությամբ ակումբը նվաճել է Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր և վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ հասել ազգային գավաթի խաղարկության եզրափակիչ։
«Ալ-Ահլիում» նշել են, որ Պուշիչի՝ հարձակվողական ֆուտբոլի, բարձր ինտենսիվության և տակտիկական ճկունության վրա հիմնված փիլիսոփայությունը լիովին համապատասխանում է ակումբի խաղաոճին ու հավակնություններին։