Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ընդունել եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Պարոն նախարարը առաջին անգամ է այցելում Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։ Իր այցը նա սկսել է Իրպենից, որտեղ եղել է դպրոցում, հիվանդանոցում և վերականգնողական կենտրոնում, որին աջակցում է Ադրբեջանը։
Մեծապես շնորհակալ ենք, որ մեր երկրի և մեր ժողովրդի համար այս դժվար օրերին հնարավորություն եք գտել այցելելու և աջակցելու մեզ։ Շնորհակալություն մեր ժողովրդի հետ համերաշխ լինելու համար։
Տեղեկացրել եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական հարվածների, Սև ծովում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի կողմից հացահատիկային միջանցքների արգելափակման մասին։ Քննարկել ենք բարձր մակարդակի դիվանագիտական շփումները, պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև էներգետիկայի, նավթագազային ոլորտի և գյուղատնտեսության բնագավառներում տնտեսական համագործակցությունը։
Շնորհակալ եմ Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած աջակցության, էներգետիկ և մարդասիրական օգնության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար»,-նշել է Զելենսկին։
