Ադրբեջանը՝ Իրան-Իսրայել հակասությունների կենտրոնում․ ինչու են կրկին շրջանառվում կասկածներ

Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանի տարածքը կարո՞ղ էր օգտագործվել Իրանի դեմ իսրայելական գործողությունների համար։ Պաշտոնական Բաքուն հերքում է նման տեղեկությունները, սակայն թեմայի շրջանառությունը կրկին ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում առկա խորքային հակասությունները։

Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ հնարավոր իսրայելական գործողությունների մասին տեղեկությունները կրկին հայտնվել են տեղեկատվական դաշտում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքում է այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ դրանք նպատակ ունեն վնասելու Ադրբեջանի հեղինակությանը։ Սակայն նման պնդումների պարբերաբար շրջանառվելը ոչ միայն նոր հարցեր է առաջ բերում, այլև կրկին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքների վրա, որոնք երկար ժամանակ լարվածություն են ձևավորել Բաքվի և Թեհրանի հարաբերություններում։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ խնդիրը մեկ դրվագով կամ մեկ հրապարակմամբ չի սահմանափակվում․  հիմքում ավելի խորքային հակասություններ են՝ կապված Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունների հետ։

«Ըստ էության, ակնհայտ է, որ իրանա–ադրբեջանական հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան։ Ակնհայտ է, որ իրանական կողմի համար ամենևին ցանկալի չէ, մեղմ ասած, իսրայելական ներկայությունը Ադրբեջանի տարածքում, նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող նախկին Լեռնային Ղարաբաղի տարածքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, և հիմնական խնդիրները ծագում են այստեղից»։

Վարդան Ոսկանյանը հիշեցնում է միջազգային լրատվամիջոցների հրապարակումները, որոնք վերաբերում էին Ադրբեջանի տարածքի հնարավոր օգտագործմանը Իսրայելի կողմից։

«Բոլորովին վերջերս ամերիկյան գլխավոր պարբերականները տեղեկատվություն են հրապարակել, որ Ադրբեջանի տարածքը իսրայելական կողմը 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործել է Իրանի դեմ։ Այդ օգտագործումը ունեցել է հետախուզական նպատակ, նաև որոշակի թիրախների համակարգման նպատակ։ Խոսքը ուղղակիորեն Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու մասին չէր, այլ՝ հարվածների համակարգման և հետախուզական գործունեության իրականացման նպատակով օգտագործման մասին»։

Այս քննարկման առանցքային հարցը միայն այն չէ, թե արդյոք Ադրբեջանի տարածքը ուղղակիորեն օգտագործվել է ռազմական գործողությունների համար։ Ավելի լայն հարցն այն է, թե ինչ դեր է ունեցել Ադրբեջանը տարածաշրջանային այդ դիմակայության ընթացքում և որտեղ է անցնում ուղղակի մասնակցության ու անուղղակի աջակցության սահմանը։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանի համար հատկապես զգայուն է այն հանգամանքը, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին տարիներին խորացել են։

Չնայած փոխադարձ մեղադրանքներին և պարբերաբար սրվող իրավիճակներին՝ Բաքուն և Թեհրանը մինչև այժմ խուսափել են բաց առճակատումից։  Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ այստեղ կա մի քանի գործոններ։

«Նախ՝ Իրանը չի ցանկանում մեծացնել ռազմական գործողությունների տիրույթը և որևէ կերպ ներգրավվել լայնամասշտաբ պատերազմի մեջ։ Երկրորդ՝ ադրբեջանական ղեկավարությունը, որքան էլ որ ներքին լսարանի համար կոշտ հայտարարություններ անի, կարծում եմ՝ չի ցանկանում Իրանի դեմ ներգրավվել որևէ ռազմական գործողության մեջ։ Եթե Ադրբեջանին չստիպեն, ապա չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կգնա Իրանի նկատմամբ ռազմական գործողության»։

Փորձագետների գնահատմամբ՝ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում  գործում է փոխադարձ զսպման մեխանիզմ։ Կողմերն ունեն լուրջ տարաձայնություններ՝ կապված անվտանգության, տարածաշրջանային ազդեցության և արտաքին գործընկերների հետ հարաբերությունների շուրջ, սակայն հասկանում են, որ ուղիղ բախումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Եվ հենց այդ հաշվարկն է  պահում հարաբերությունները լարված, բայց վերահսկելի սահմաններում՝ պահպանելով դիվանագիտական կանոնները։

Leave a Comment