Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է «Եվրո-2», «Եվրո-3» և «Եվրո-4» ցածր էկոլոգիական դասի վառելիքի արտադրությունն ու վաճառքը մինչև 2027 թ․ հուլիսը։ ՌԴ–ում վառելիքի ճգնաժամ առաջացավ, երբ Ուկրաինան հարվածեց այդ երկրի նավթավերամշակման գործարաններին։ Բենզինի ու դիզվառելիքի ճգնաժամը, սակայն, ոչ միայն ռուսական նավթավերամշակման գործարանների վնասման հետևանք է, այլև Հորմուզի նեղուցում ստեղծված իրադրության։
Ռուսաստանը թույլատրել է ցածր էներգարդյունավետ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը։ ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այդ քայլը ժամանակավոր է և հակաճգնաժամային։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է K2–K4 բնապահպանական ցածր դասերի բենզինի արտադրությունն ու վաճառքը մինչև 2027 թ․ հուլիսի 1-ը: Բացի այդ՝ իշխանությունները չեղարկել են բարձր ծծմբային պարունակությամբ K5 բենզինի վաճառքը մինչև 2026–ի վերջը:
Վառելիքի բնապահպանական դասի մասին տեղեկությունը հստակ կնշվի բենզալցակայաններում: Ըստ գերատեսչության՝ ժամանակավոր այդ որոշումը նպատակ ունի նաև հավասարակշռելու վառելիքի որակն և մատչելիությունը:
Միջազգային մամուլը գրում է, որ Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը պայմանավորված է նավթավերամշակման գործարաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի զինված ուժերի հարվածներով։ Ճգնաժամը կտրուկ սրվեց մայիսի վերջին։ Ի թիվս ռազմավարական նշանակության այլ օբեկտների վնասվեց նաև Մոսկվայի Կապոտնյա նավթավերամշակման գործարանը։ Այն մատակարարում էր Ռուսաստանի մայրաքաղաքի վառելիքի մոտ 40 %-ը։ Մեկ շաբաթում երկու հարվածից հետո այն հանվեց շահագործումից մինչև 2026–ի վերջը կամ 2027–ի սկիզբը։
«Ռոյթերս»–ի տվյալներով՝ Ռուսաստանում բենզինի արտադրությունը 2026–ի հունիսին 2025–ի հունիսի համեմատ նվազել է 25 %-ով՝ հասնելով օրական 85 հզր տոննայի՝ ամառանը օրական 110 հզր տոննայի սպառման համեմատ։ Վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել երկրի ավելի քան 40 շրջաններում։
Ըստ փորձագետների՝ վառելիքի ստանդարտների իջեցումը բացասական բնապահպանական ազդեցություն կունենա։ Ժամանակակից փոխադրամիջոցների զգալի մասի համար ցածրորակ վառելիքը կարող է վտանգավոր լինել և վատ հետևանքներ ունենալ։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ վառելիքի ցածր ստանդարտներին անցումը թույլ է տալիս նավթի օգտագործումը առանց խոր վերամշակման այնպիսի օբյեկտներում, որոնք անկարող են արտադրել բարձր որակի վառելիք։
NEFT Research-ի հաղորդակցության տնօրեն Դմիտրի Պրոկոֆևի խոսքով՝ սա կարող է ամսական հարյուր հազարավոր տոննաներով ավելացնել բենզինի արտադրությունը, սակայն քիչ հավանական է, որ լիովին փոխհատուցի կորցրած ծավալները։
Ռուսաստանից նավթամթերքի արտահանումը գրեթե դադարել է։ Ռուսական վառելիքի ճգնաժամը հասել է նաև Կենտրոնական Ասիա։ Նավթի գները բարձրանում են ողջ աշխարհում, ինչը պայմանավորված է նաև Հորմուզի նեղուցի իրադրությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ժամ առաջ՝ նավթի գների մասին խոսելիս, կանխատեսել է, որ դրանք կնվազեն, երբ Իրանի հետ պատերազմն ավարտվի։ Լաս Վեգասում ելույթի ժամանակ Թրամփը նաև ակնարկել է, որ թեև նավթի գինը վերջերս որոշ չափով կայունացել է, հնարավոր է՝ ստիպված լինեն այն կրկին բարձրացնելու․
«Հենց որ այս իրավիճակն ավարտվի Իրանի հետ, նավթի գինը կիջնի նվազագույնի, բենզինի գինը կիջնի։ Սա հրաշք է։ Բայց հիշեք, որ մենք ժառանգել ենք մեր երկրի պատմության մեջ ամենավատ գնաճը։ Եվ մենք ստանձնեցինք այն։ Ի՜նչ խառնաշփոթ էր։ Եվ մենք իջեցնում ենք գները, և մենք իջեցրինք գները, և ոչ ոք չի կարող հավատալ, թե ինչ է կատարվում։ Բայց մենք կարող է ստիպված լինենք բարձրացնելու գները։ Բայց հուսով ենք, որ ստիպված չենք լինի։ Բայց մենք հիանալի աշխատանք ենք կատարել գների իջեցման հարցում, մենք անհավատալի աշխատանք ենք կատարել, որպեսզի մեր երկիրը կրկին հարգված և հաջողակ դառնա»։
Թրամփը չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի վառելիքի գների կրկին բարձրանալու մասին ակնարկով։ Միջազգային մամուլը հատուկ ուշադրություն է դարձնում նրա այս ձևակերպմանը։