ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության օրակարգն ու հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը։
Ռուբինյանն ընդգծել է, որ ռուսական շուկա հայաստանյան ապրանքների արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են։ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խնդրի շուտափույթ կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարգավորումների շրջանակներում։
Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին։ Ռուբինյանը նշել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր կդառնա միայն Եվրոպական միությանն անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուց և գործընթացը առարկայական փուլ փոխադրելուց հետո։
Զրույցի ավարտին զրուցակիցները հաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու բաց երկխոսությունը միջխորհրդարանական համագործակցության զարգացման և երկկողմ օրակարգում փոխըմբռնման ամրապնդման շուրջ։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
