Ռուսաստանը Հայաստանից չի ստացել որևէ պաշտոնական դիմում «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ…
Ռուսաստանը Հայաստանից չի ստացել որևէ պաշտոնական դիմում «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։
«Ոչ, կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չենք ստացել, սակայն մշտապես լսում ենք այդ թեմայով հրապարակային հայտարարություններ»,- ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը կողմ է բոլոր հարցերը լուծել խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։
«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը և շարունակել կոնցեսիան Հայաստանում»,- ընդգծել է նա։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ քննարկվում են նաև Հայաստանի երկաթուղու առանձին հատվածների վերաբերյալ առաջարկներ, սակայն դրանք համակարգից առանձնացնելը, ըստ նրա, անհասկանալի է։
«Չենք հասկանում, թե ինչպես կարելի է մեկ ռելսը կամ մեկ շպալը առանձնացնել մյուսից, բայց նման մտքեր կան»,- նշել է Օվերչուկը։
Նա հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր կայացրել աջակցել Հայաստանի երկաթուղու երկու փոքր հատվածների վերականգնմանը՝ Ադրբեջանի Նախիջևանի սահմանին և Գյումրիում։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր մասնակցել այդ նախագծերին, սակայն հենց այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիոն կառավարմանը, իր գնահատմամբ, զրկում է Հայաստանին երկաթուղային համակարգի զարգացման որոշ մրցակցային առավելություններից։
ՌԴ փոխվարչապետը նաև ասել է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանի երկաթուղային ցանցը լիարժեք կապվելու արտաքին աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղային համակարգի հետ փոխկապակցվածության։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ հարցը մասնագիտական քննարկման թեմա է։