Գործադիրը սահմանել է Խաղային գործունեության կարգավորման օպերատոր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման օպերատոր սահմանել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» առևտրային կազմակերպությանը, որը ստեղծվել է GARO-S-25-01 ծածկագրով բաց մրցույթի հաղթող ճանաչված «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ կողմից։ Նախատեսվում է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել ապահովել օպերատորի հետ պայմանագրի կնքումը։ Որոշման ընդունումը կնպաստի խաղային գործունեության ոլորտում միասնական մոնիտորինգի, վերահսկողության, տվյալների վերլուծության, խաղային արտադրանքների միացման և օրենքով օպերատորին վերապահված գործառույթների իրականացման կազմակերպմանը։
Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, դեռևս 2024-ին խաղային գործունեության կարգավորման մասին օրենքով մի շարք փոփոխություններ էին կատարվել, որոնց թվում էր նոր թվային վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն-մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո: «Օրենքից հետո համապատասխան որոշումներ ընդունվեցին, որը հիմք ստեղծեց բաց մրցույթ իրականացնելու, որին հայտ էին ներկայացրել 3 օտարերկրյա կազմակերպություններ: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը նման գործառույթ է իրականացնում նաև Վրաստանում՝ լինելով խաղային գործունեության կարգավորման օպերատոր»,-ասել է ՊԵԿ նախագահը։
Ըստ Էդուարդ Հակոբյանի՝ նպատակն է մասնավոր գործընկերոջ հետ ստեղծել ժամանակակից թվայնացված և արդյունավետ կարգավորման մեխանիզմ և վերահսկողության գործիքակազմ, մասնավորապես, 3 ուղղություններով՝ 1. ապահովել իրական ժամանակում խաղային մոնիթորինգ, 2. սահմանել և կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային ծառայողների, համայնքային ծառայողների, մի շարք այլ խմբերի՝ խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել սահմանափակումները թվային միջավայրում, 3. սահմանել արդար և պատասխանատու խաղային կանոններ։ ՊԵԿ-ի նախագահը նշել է, որ խոսքը 15 տարվա պայմանագրի կնքման մասին է, հաղթող ընկերությունը 6-ամսյա ժամկետում պարտավոր է ներդնել էլեկտրոնային համակարգ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղատնային ոլորտի գործառույթներն անցնելու են այս օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով: «Ինչ տեղի է ունենալու խաղային ոլորտում, այդ ամբողջ համակարգը գործելու է պլատֆորմի միջոցով, այսինքն՝ խաղադրույք կատարել, շահում ստանալ և այդպես շարունակ: Մենք առաջինը ստվերն ենք բացառելու, երկրորդը՝ այն պարագայում, երբ մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ չեն կարող խաղադրույք կատարել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, քանի որ այն սահմանված է, բայց շատ դեպքերում մենք չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով: Երրորդն այն է, որ որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու: Ընդհանուր առմամբ դաշտն ավելի թափանցիկ ենք դարձնելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ստվերը կրճատելու ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվել և հասել են եզրափակիչ փուլին:
Վարչապետը գոհունակությամբ նշել է՝ 2027 թ. հունվարի 1-ից կունենանք նոր համակարգ, որը կլուծի բազմամյա այս պրոբլեմը։