Նախկին նախագահ, նախկին մարզպետներ, նախկին պատգամավոր։ Ապօրինի գույքի բռնագանձման ամենաաղմկահարույց գործերով՝ Հակակոռուպցիոն դատարանը նոր վճիռներ է ընդունել։ Կառավարությունը վստահեցնում է՝ պետությանը վերադարձվող գույքի ծավալն աճում է, իսկ դատական գործընթացները շարունակվում են։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում ներկայացրել է վերջին արդյունքները։
Հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակիորեն բավարարել է Դատախազության հայցն ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետությանը կանցնեն Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանի բաժնեմասը, Աշտարակի բնակելի տունը և ավելի քան 184 մլն դրամ։
Նոր վճիռ է ընդունվել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց գործով։ Պետությանը ենթակա է բռնագանձման Երևանում գտնվող երեք անշարժ գույք, շուրջ 203 մլն դրամի ավանդներ, դրանց տոկոսները՝ ավելի քան 74 մլն դրամ, ինչպես նաև 352 մլն դրամ։
Հունիսի 5-ին մասնակիորեն բավարարվել է նաև Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ հայցը․
«Պետության օգտին ենթակա է բռնագանձման ութ անշարժ գույք, մեկ իրավաբանական անձում 50 տոկոս մասնակցություն, երկու փոխադրամիջոց, շուրջ 25 մլն դրամ՝ բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված գույքի արժեքի դիմաց, ինչպես նաև ավելի քան 85 մլն դրամ»։
Այս գործերը վերջին տարիներին Հայաստանի ամենաքննարկված հակակոռուպցիոն դատավարություններից են։ Դատախազությունը պնդում է, որ ձեռք բերված գույքի մի մասը չի համապատասխանում օրինական եկամուտներին։ Պատասխանողները սակայն, բոլոր դեպքերում վիճարկում են մեղադրանքները, իսկ մի շարք գործերով դատական գործընթացները դեռ շարունակվում են։
Վերջին ամիսներին ուշադրության կենտրոնում է նաև գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գույքի օտարման գործընթացը։ Դատախազությունը հայտարարել էր, որ պետությանն են օտարվել Ծառուկյանի ընտանիքին առնչվող մի շարք անշարժ գույքեր՝ կնքված հաշտության համաձայնության շրջանակում։ Իշխանությունները սա ներկայացնում են որպես ապօրինի գույքի վերադարձի քաղաքականության արդյունք, մինչդեռ ընդդիմությունն ու մի շարք իրավաբաններ շարունակում են պնդել, որ գործընթացը երբեմն ընտրովի է և կարող է վտանգել սեփականության իրավունքը։ Իշխանություններն իրենց հերթին շեշտում են, որ բոլոր գործերը քննվում են բացառապես դատարաններում և օրենքով սահմանված ընթացակարգերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գույքը վերադարձվում է տարբեր իրավական մեխանիզմներով՝ ապօրինի գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև քրեական գործերով ընդունված դատական ակտերի հիման վրա։
Նիկոլ Փաշինյան․ «Մենք ընտրություններից հետո տեսնում ենք և նաև հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպած, ես նաև շնորհակալություն եմ հայտնում հանրությանը այդ համբերատարության համար, թեև մեզ այդ ձգձգումները նույնքան են նյարդայնացրել, որքան հանրությանը, բայց այնուամենայնիվ մեխանիզմները գործարկված են»։
Նույն տրամաբանությամբ, Վարդապետյանի զեկուցմամբ, պետությանը կփոխանցվեն նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը, 864 հզր դոլարի ավանդ, դրամական միջոցներ և եվրոյով ավանդ։
Մասնակիորեն բավարարվել է նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրանց փոխկապակցված անձանց վերաբերյալ հայցը։ Այդ գործով պետությանը կանցնեն ինը անշարժ և վեց շարժական գույք, ինչպես նաև 340 մլն դրամ։
Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ արդեն օրինական ուժի մեջ մտած վճիռներով և հաշտության համաձայնություններով՝ պետությանն է վերադարձվել շուրջ 6,3 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ։ Կոտայքի նախկին մարզպետ, Ծառուկյանի դստեր ամուսին Կարապետ Գուլոյանի գործով շուրջ 1,3 մլրդ դրամի պահանջն արդեն ուղարկվել է հարկադիր կատարման, իսկ վերջին հաշտության համաձայնությամբ՝ պետությանը կվերադարձվի ևս ավելի քան 300 մլն դրամ։ Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 628 մլրդ դրամը։
«Դրանց ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 մլրդ 600 մլն դրամ։ Հայցերով պահանջվում է բռնագանձել 1․486 անշարժ, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 464 մլրդ 600 մլն դրամի չափով դրամական միջոցներ»։
Գույքի վերադարձը միայն նախկին պաշտոնյաների գործերով չի սահմանափակվում։ Դատախազությունը շարունակում է նաև պետական և համայնքային շահերի պաշտպանությունը՝ համայնքներին վերադարձնելով նախկինում օտարված հողատարածքներ։
Սիսիանի, Կապանի և Իջևանի համայնքներին վերադարձվել են զբոսայգիների հողամասեր, իսկ Դիլիջանը հետ է ստացել 67 հա հատուկ պահպանվող տարածք, որի կադաստրային արժեքը գերազանցում է 4,5 մլրդ դրամը։
Առանձնակի ուշադրության կենտրոնում են բնապահպանական նշանակության տարածքները։ Պետությանը վերադարձվել է ավելի քան 5.300 հա հող, որի արժեքը գերազանցում է 60 մլրդ դրամը։ Դրանց զգալի մասը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում է․
«Սրանք 65 գույքային միավորներ էին՝ հիմնականում արգելոցային տարածքում՝ Խոսրովի անտառում։ Հողամասերի նկատմամբ դադարեցվել է «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ի անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը։ Ուսումնասիրությունները շարունակվում են, և արդեն պարզել ենք, որ կան նոր հողատարածքներ, որոնք դեռևս շարունակում են գտնվել նույն ընկերության անհատույց օգտագործման ներքո։ Առաջիկայում կներկայացնենք նաև այդ ուղղությամբ կատարված աշխատանքները»։
Գեղարքունիքի մարզում պետությանն է վերադարձվել նաև Սևանի ափամերձ 5,7 հա հողատարածք։ Բացի այդ՝ Սևանա լճի ափին ապամոնտաժվել է 201 ապօրինի շինություն, և աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո։ Կառավարությունը նախատեսում է, որ մինչև 2031 թվականը կվերադարձվի շուրջ 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք։