ՔՊ-ում դեռ չեն որոշել՝ կընտրե՞ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ դեռ չունեն որոշում՝ կընտրե՞ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին, թե ոչ:

«Խմբակցությունը դեռ քննարկում չի ունեցել, առաջիկա ժամերի ընթացքում կունենանք: Որոշում որպես այդպիսին, դեռ չունենք», – ասաց Մանավազյանը:

Ազգային ժողովն այսօր սկսել է քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։

Առանց ՔՊ-ի քվեարկության Արամ Վարդևանյանի ընտրությունը փաստացի հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը պատկանում է իշխող խմբակցությանը:

Խորհրդարանն արդեն ընտրել է երկու փոխնախագահների․ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» այդ պաշտոններում ընտրվել են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

Leave a Comment