Կրթության հասանելիության համար նոր փոխհատուցում․ օրական 2000 դրամ՝ այլ բնակավայրից դպրոց գնացողներին

Դպրոցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը կընդլայնվի․ ազգային փոքրամասնությունների լեզուների խմբակավարները ևս կներառվեն շահառուների ցանկում, իսկ այլ բնակավայրից նորակառույց դպրոց հաճախող երեխաների համար կսահմանվի օրական 2000 դրամ փոխհատուցում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցառման շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները հանդիսանում են ծրագրի շահառու և ստանում են համապատասխան փոխհատուցում։ Միևնույն ժամանակ, ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը խմբակի ձևաչափով կազմակերպելու դեպքում խմբակավարները գործող կարգավորմամբ չեն համարվում շահառու և չեն օգտվում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։ Վերոգրյալի արդյունքում գործնականում դժվարանում է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման ապահովումը, հատկապես այն բնակավայրերում, որտեղ համապատասխան մասնագետների առկայությունը սահմանափակ է։ Մասնագետների սակավությունը և նրանց տարածքային անհավասար բաշխվածությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում կրթության իրավունքի լիարժեք իրացման, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման համար։ Հաճախ համապատասխան մասնագետները ստիպված են աշխատել միաժամանակ տարբեր բնակավայրերում՝ հաղթահարելով զգալի հեռավորություններ, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում և նվազեցնում նման գործունեության արդյունավետությունն ու շարունակականությունը։

Նախագծի նպատակը ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման հասանելիության ապահովումն է, ինչպես նաև համապատասխան խմբակավարների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցով հավասար պայմանների ստեղծումը՝ անկախ ուսուցման կազմակերպման ձևից։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300-500 դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման» ծրագրի շրջանակում ստեղծվող ուսումնական հաստատությունների գործունեության ապահովմամբ և կրթության մատչելիության երաշխավորմամբ։ Այս ուսումնական հաստատությունները նախատեսված են սպասարկել մի քանի բնակավայրերի սովորողներին, ինչի հետևանքով որոշ սովորողներ կրթություն ստանալու նպատակով կարող են հաճախել իրենց բնակավայրից տարբերվող բնակավայրում գտնվող հաստատություններ։

Նախագծի նպատակն է սահմանել այլ բնակավայրից նորակառույց ուսումնական հաստատություն հաճախող սովորողների փոխադրման ծախսերի փոխհատուցման կարգը՝ օրական 2000 դրամի չափով, ապահովելով որակյալ կրթության հավասար հասանելիությունը (հաշվարկը կցվում է)։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ սահմանվել է հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը։ Գործող կարգավորմամբ ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ներառված են շահառուների շրջանակում, սակայն նույն լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները չեն ընդգրկվում փոխհատուցում ստացող անձանց ցանկում։

Գործնականում բազմաթիվ դեպքերում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացվում է հենց խմբակների միջոցով՝ պայմանավորված համապատասխան մասնագետների սահմանափակ թվով և առանձին դպրոցներում սովորողների ոչ մեծ քանակով։ Այդ պայմաններում խմբակավարների կողմից մի քանի բնակավայրերում կամ դպրոցներում գործունեություն ծավալելը դառնում է անհրաժեշտություն։ Սակայն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման բացակայությունը նվազեցնում է մասնագետների ներգրավվածության հնարավորությունը և վտանգում ծրագրերի շարունակական իրականացումը։

Նախագծով նախատեսվում է, որ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները ևս հանդիսանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառու։

Ներկայումս գործող իրավակարգավորումներում բացակայում են այն դրույթները, որոնք նախատեսում են ուսումնական հաստատության սպասարկման տարածքի բնակավայրից ժամանող սովորողների փոխադրման ծախսերի փոխհատուցման հնարավորությունը այն դեպքերում, երբ տվյալ բնակավայրում առկա է համապատասխան աստիճանում կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն։

2026 թվականի հունիսի դրությամբ արդեն իսկ ավարտվել է շահագործման է հանձնվել 29 հաստատություն, որոնք նախատեսված են նաև հարակից բնակավայրի երեխաներին կրթական ծառայություններ իրականացնելու: Մինչև 2026 թվականի ավարտն այս հաստատությունների ցանկն էականորեն կավելանա: Դրանց սպասարկման տարածքներում ընդգրկված բնակավայրերից մի շարք սովորողների համար կրթական ծառայությունների ստացումը պայմանավորված կլինի ամենօրյա տեղափոխմամբ։ Փոխադրման ծախսերի փոխհատուցման իրավական մեխանիզմի բացակայությունը կարող է ընտանիքների համար հանգեցնել լրացուցիչ ֆինանսական բեռի և ազդել կրթության մատչելիության վրա։

Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

  • ապահովել ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպումը,
  • խթանել համապատասխան մասնագետների ներգրավվածությունը տարբեր բնակավայրերում,
  • ստեղծել հավասար պայմաններ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող ուսուցիչների և խմբակավարների համար,
  • նպաստել ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը,
  • բարձրացնել կրթության մատչելիությունն ու ներառականությունը։

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև ուսումնական հաստատության հասանելիությունը տարբեր բնակավայրերում բնակվող սովորողների համար, կնվազեցվի ընտանիքների վրա դրվող ֆինանսական բեռը, ինչպես նաև կստեղծվեն հավասար պայմաններ կրթության կազմակերպման և կրթական ծառայություններից օգտվելու համար՝ անկախ սովորողի բնակության վայրից և փոխադրման եղանակից։

Ակնկալվում է, որ նախատեսվող փոխհատուցման մեխանիզմը կնպաստի հաստատությունների արդյունավետ գործունեությանը, սովորողների կանոնավոր հաճախելիության ապահովմանը, կրթության ընդգրկվածության մակարդակի բարձրացմանը և կրթության տարածքային անհավասարությունների նվազեցմանը։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում։ Մասնավորապես՝ 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակի և 2027 թվականի համար լրացուցիչ ծախսերը կկազմեն համապատասխանաբար 271.5 հազար դրամ և 615.4 հազար դրամ (հաշվարկը կցվում է)։ Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում 2027-2029 թվականների համար կպահանջվի նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ համաձայն ներքոնշյալ արդյունքային ցուցանիշների:

հազար դրամ

  2026 2027 2028 2029
տրանսպորտային ծառայություններից օգտվող աշակերտների քանակը 1,509 3,624 4,887 4,887
տրանսպորտային ծառայությունների արժեքը 241,684 1,393,500 1,598,036 1,808,100

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Միջոցառման անհրաժեշտությունը հիմնավորվում է ՀՀ կառավարության 08.01.2026թ. «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» N 16-Լ որոշմամբ հաստատված Դոկտրինի 36-րդ կետի 1-ին ենթակետի պահանջով, այն է՝ «1) Կրթությունը՝ որպես «ռազմավարությունների ռազմավարություն»: Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին և առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի և կրթությունը՝ որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու, բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության և ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը.»:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն:» թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

 Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կատավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բաժնի 6-րդ կետով սահմանված՝ «6. Համընդհանուր հասանելի և մատչելի սովորողակենտրոն հանրակրթական միջավայրի ստեղծում» միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:

 Միջոցառման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ՀՀ կառավարության 08.01.2026թ. «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» N 16-Լ որոշմամբ հաստատված Դոկտրինի 36-րդ կետի 1-ին ենթակետի պահանջով, այն է՝ «1) Կրթությունը՝ որպես «ռազմավարությունների ռազմավարություն»: Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին և առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի և կրթությունը՝ որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու, բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության և ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը.»:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

  1. 1.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  1. 2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

Այլ տեղեկություններ.

Չկան:

Leave a Comment