Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է ուղարկվել զինծառայողի վերաբերյալ քրեական գործը։ Ըստ մեղադրանքի՝ նա մարտական հերթապահության ընթացքում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, ինչի հետևանքով ծառայակիցը ստացել է մարմնական վնասվածք։ Գործը մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ա․ Շ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, նույն զորամասի հրամանատարի թիվ 058 առ 23.02.2026 թվականի հրամանի համաձայն 2026 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 20-ն ընդգրկված լինելով մարտական հերթապահության ՀՀ ՊՆ թիվ զորամասի պահպանությանը հանձնված թիվ 107 ջոկի դիրքում, որպես դիտորդ, մարտական հերթապահության ընթացքում՝ 2026 թվականի մարտի 15-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, կատարելով դիտորդի՝ առույգ հերթափոխի պարտականնություններ, դիտակետում խախտել է մարտական հերթապահության կանոնները՝ մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի 15.01.2025թ-ի թիվ 010 գաղտնի հրամանի պահանջները՝ այն է առաջին մասի 4-րդ գլխի 33-րդ կետի 1-ին և 8-րդ ենթակետերը՝ մարտական հերթապահություն իրականացնող ծառայողին արգելվում է՝ մինչև զենքի կիրառումը փամփուշտը մտցնել փամփշտանոց, անհարկի լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի 303564 գործարանային համարի ինքնաձիգը, դուրս եկել դիտակետից, ապա վերադարձել, չլիցքաթափված ինքնաձիգը հենել պատին, ապա թույլատրել իր հետ դիտորդի պարտականնություններ կատարող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս․ Ռ․-ին վերցնել վերը նշված ինքնաձիգը դրանով կատարել հնարքներ, ապա ինքն է ինքնաձիգով կատարել նույն հնարքները, որից հետո ինքնաձիգի փողն ուղղել է դիտակետից դուրս, իսկ Ս․ Ռ․ այդ ժամանակ աջ ձեռքը դրել է փողի առջև և հարցրել, արդյոք վերջինս կարող է կրակել, որից հետո սեխմել է ձգանը, որի հետևանքով արձակվել է մենահատ կրակոց, որը դիպել է Ս․ Ռ․-ին պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով՝ տևողությունը 21-օրից ավելի։
Ա․ Շ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցը գործը վարույթ է ընդունել և նախնական դատալսումները նշանակել 2026 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին։
Ա․ Շ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է զինվորական հսկողությունը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։