ՀՀ կառավարությունը նախատեսում է 29 մլն 615 հազար դրամ հատկացնել Սիրիայում առանց պետական տուրքի տրամադրված 489 անձնագրերի ծախսերը փոխհատուցելու համար։ Անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից։ այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության օգոստոսի 6-ի նիստից։
Անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ կառավարության՝ 22.11.2012թ. № 1469 Ն որոշման՝ օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
Որոշման 2-րդ կետով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն՝ ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2026թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 489 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (88 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (401 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Գումարի հաշվարկը
| № | Արտոնությունը կիրառած դեսպանության (հյուպատոսական հիմնարկի) անվանումը | Քանակ | Դրույքաչափ
(հազ. դրամ) |
Գումար
(հազ. դրամ) |
| 1. | Սիրիայում ՀՀ դեսպանություն (ք.Դամասկոս) | 75
|
65.0 | 4,875.0 |
| 13
|
30.0 | 390.0 | ||
| 2. | Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն | 352 | 65.0 | 22,880.0 |
| 49 | 30.0 | 1,470.0 | ||
| ԸՆԴԱՄԵՆԸ | 489 | 29,615.0 |
Հաշվարկները կատարվել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ
Նախագծի ընդունման արդյունքում 2026 թվականի պետական բյուջեի եկամուտի և ծախսերի ծրագրային ցուցանիշներից յուրաքանչյուրը կավելանա համապատասխանաբար 29,615.0 հազ. ՀՀ դրամով:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր (1.4)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության՝ 2021-2026թթ. ծրագրի 1.4 կետով սահմանված նպատակին, այն է՝ նպաստել Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը, հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը: