Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ փոխնախագահի թեկնածության քննարկումը նախատեսված էր նրա քաղաքական գործունեության գնահատման համար։ Սակայն խորհրդարանի դահլիճում քննարկման կենտրոնում անսպասելիորեն հայտնվեց մեկ այլ թեմա՝ «Հայփոստ»-ը։ Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին՝ թեկնածուի քաղաքական անցյալից բացի, անհրաժեշտ է խոսել նաև այն ընկերության մասին, որի ղեկավարումն իրականացնում է Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը։ Այդպես օրակարգ եկան «Հայփոստ»-ի ֆինանսական վիճակը, կառավարման արդյունավետությունը, պետական աջակցության հարցը, ծառայությունների որակը և ընկերության զարգացման հեռանկարները։
Թեև քննարկման առիթն ամենևին էլ «Հայփոստ»-ը չէր, խորհրդարանում հենց այդ ընկերության շուրջ ձևավորվեց ամենաթեժ բանավեճերից մեկը։ Ընդդիմադիր պատգամավորների հիմնական պնդումն այն էր, որ «Հայփոստ»-ի դեպքում խնդիրը միայն ղեկավարի անձը կամ աշխատավարձը չէ։ Խնդիրն ընկերության աշխատանքի արդյունքներն են։ Նրանց գնահատմամբ՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրները չեն լուծվել, իսկ ընկերության կառավարման արդյունավետությունը հարցեր է առաջացնում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի տեղեկություններով՝ ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման ֆոնին աճել են նաև աշխատավարձային ծախսերը։
«Ինչքան վնասը ավելացել է «Հայփոստի», այնքան աշխատավարձային ֆոնդն է ավելացել և Ձեր կնոջ աշխատավարձը»։
Ընդդիմադիրները կարծում են, որ պետական ընկերության արդյունավետությունը պետք է չափվի ոչ թե հայտարարություններով, այլ քաղաքացիների և բիզնեսի համար ստեղծված ծառայությունների որակով։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի խոսքով՝ բարձր վարձատրությունը պետք է արտացոլվի աշխատանքի արդյունքներում։
«Որտե՞ղ է լավ վարձատրվող, լավ մասնագետի լավ արդյունքը։ Իսկ եթե չկա արդյունք և մարդը շարունակում է պաշտոնավարել, կարո՞ղ ենք ենթադրել, որ այստեղ կա, օրինակ, հովանավորչություն»։
«Հայփոստ»-ի աշխատանքի առնչությամբ պատգամավորները բերեցին նաև կոնկրետ օրինակներ՝ կապված ծառայությունների կազմակերպման և կառավարման խնդիրների հետ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը պատմեց սեփական փորձի մասին՝ նշելով, որ ընկերության աշխատանքային ընթացակարգերը դեռևս չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։
«Պատկերացնում եք՝ «Հայփոստ»-ը պատկանում է ԲՏԱ նախարարությանը։ ԲՏԱ նախարարությունը 19-20-րդ դարի ընթացակարգով է շարժվում․ տպագիր չեն տպում։ Ու իմ փաստաթղթերը կորավ, և այդ փաստաթղթերը, եթե ես նորից հանեի, պիտի դիմեի տարբեր կառույցների, տարբեր մարդկանց, որ կարողանայի վերականգնել ու գումար ստանալ իմ հաճախորդից»։
Ընդդիմադիրների գնահատմամբ՝ այսպիսի օրինակները ցույց են տալիս, որ ընկերության խնդիրները միայն ֆինանսական հաշվետվություններով չեն չափվում։ Դրանք կապված են նաև կառավարման մշակույթի և ծառայությունների թվայնացման հետ։
Իշխանական պատգամավորները, սակայն, հակադարձում էին՝ «Հայփոստ»-ի ներկայիս վիճակը պետք է գնահատել այն ժառանգության համատեքստում, որը ստացել է գործող կառավարումը։ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը պնդեց՝ ընկերությունը նախկինում գտնվել է ծանր վիճակում, և ներկայիս աշխատանքը պետք է դիտարկել այդ ֆոնի վրա։
«Ոնց որ Գրոզնին լիներ պատերազմից անմիջապես հետո»։
Մեկ այլ ձևակերպմամբ՝ նա համեմատեց նախկին վիճակը մի համակարգի հետ, որտեղ նույնիսկ բնականոն աշխատանքի ապահովումն էր խնդիր։
«Սկվազնյակից թոքաբորբով հիվանդանում էին պարբերաբար»։
Իշխանական պատգամավորների դիրքորոշումն այն էր, որ «Հայփոստ»-ում իրականացվել են փոփոխություններ, և ընկերության գնահատականը պետք է հիմնված լինի ոչ միայն անցյալի խնդիրների, այլ նաև վերջին տարիների արդյունքների վրա։
Բանավեճի մյուս առանցքային թեման դարձավ՝ արդյոք «Հայփոստ»-ը ֆինանսավորվում է պետական բյուջեից, թե աշխատում է ինքնաֆինանսավորմամբ։ Թունյանը պնդեց՝
««Հայփոստը» պետական բյուջեից ֆինանսավորում չի ստացել»։
Սակայն ընդդիմադիր պատգամավորները հակադարձեցին՝ հիշեցնելով կառավարության որոշմամբ ընկերությանը հատկացված միջոցների մասին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է եղել աջակցել ընկերությանը, քանի որ հակառակ դեպքում այն կարող էր հայտնվել փակման վտանգի առաջ։
«Դուք գիտակցել եք, որ «Հայփոստ»-ը կսնանկանա, կփակվի այդ ընկերությունը, ու կառավարությունը գիտակցել է ու այդ գումարը տվել է՝ ֆինանսավորումը»։
Նրա խոսքով՝ պետական աջակցությունը չի կարելի անտեսել, երբ խոսվում է ընկերության ֆինանսական կայունության մասին։
Վերադարձ եղավ այն թեմային, որը սկզբում դարձել էր ամբողջ պատմության հիմնական շեշտադրումը՝ «Հայփոստ»-ի ղեկավարի անձը և աշխատավարձը։ Հայկ Կոնջորյանը պնդեց, որ իր կնոջ նշանակումը եղել է մրցութային կարգով, իսկ աշխատավարձի վերաբերյալ շրջանառվող թվերը չեն համապատասխանում իրականությանը։
«Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ։ Իմ կինը «Հայփոստ»-ի տնօրեն չի նշանակվել պարզապես ուրիշ տեղից գալով։ Ինքը «Հայփոստ»-ում եղել է վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ, մասնակցելով այդ մրցույթին՝ մրցութային խորհրդի կողմից ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն»։
Թեժացած քննարկումներին ավելի ուշ սոցցանցային գրառմամբ արձագանքեց Շուշան Ալեքսանյանը՝ գրելով, որ իր ղեկավարած ընկերությունը պետությանը վճարել է դիվիդենտներ, 2025 թվականին փաստացի ֆինանսական վնաս չի ունեցել, իսկ ֆինանսական արդյունքները բարելավվել են։
«Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ։ 2025 թվականի արդյունքներով ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել, հիմք՝ արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվությունը։ Իմ ղեկավարության ընթացքում՝ 2025 թվականին, ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով»։
«Հայփոստ»-ի տնօրենի խոսքով՝ ինքը պաշտոնը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերին և չի կարող պատասխանատու լինել մինչ այդ ձևավորված բոլոր ցուցանիշների և որոշումների համար։Սակայն բարեփոխումների կարիքը տեսնում է ինքն էլ՝ գրել էր։ Ինչ վերաբերում է հնչած կասկածներին, թե ինչ այլ լրացուցիչ 5 մլն դրամի եկամուտ է հայտարարագրել, Շուշան Ալեքսանյանն արձաքանգել է՝ մայրության նպաստ է։