Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները վերսկսվել են Հռոմում – armeniatoday.am

Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլն օգոստոսի 4-ին մեկնարկել է Հռոմում և կշարունակվի մինչև օգոստոսի 6-ը, հայտնել է Reuters-ը։

«Միացյալ Նահանգները շարունակում է լիովին աջակցել երկու կառավարություններին՝ գործընթացն առաջ մղելու համար այնպես, որ այն ապահովի երկու երկրների երկարաժամկետ անվտանգությունը, վերացնի Իսրայելին սպառնացող վտանգները և վերականգնի Լիբանանի պետական իշխանությունը երկրի ամբողջ հարավում»,- գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը։

Բանակցությունները վերաբերում են հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի ստորագրած եռակողմ շրջանակային փաստաթղթի իրականացմանը։ Այն նախատեսում է Լիբանանի տարածքում պետական իշխանության վերականգնում, ոչ պետական զինված խմբավորումների զինաթափում, լիբանանյան բանակի տեղակայում երկրի հարավում և իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում։

Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները մեկնարկել էին ապրիլին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Հունիսին կայացած հինգերորդ փուլում լիբանանյան պատվիրակությունը պահանջել էր սահմանել երկրի հարավից իսրայելական զորքերի դուրսբերման ժամանակացույց՝ Լիտանի գետից հարավ գտնվող տարածքն անվտանգ և զենքից զերծ գոտու վերածելու դիմաց։

Հունիսի 26-ին կողմերը ստորագրել էին հակամարտության փուլային կարգավորման շրջանակային համաձայնագիր։ Հուլիսին քննարկվել էր Լիբանանի հարավում փորձնական գոտիների ստեղծումը, որտեղ վերահսկողությունը պետք է փոխանցվի լիբանանյան բանակին։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը բանակցությունների շարունակությունը կապել էր իսրայելական զորքերի դուրսբերման մեկնարկի հետ, մինչդեռ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մերժել էր լայնածավալ դուրսբերումը։ «Հեզբոլլահը» համաձայնագիրն անվանել էր «կապիտուլյացիա»։

Չնայած ձեռք բերված համաձայնությանը՝ Իսրայելը շարունակել էր հարվածները Լիբանանի հարավին։ Հուլիսի 28-ի տվյալներով՝ մարտի 2-ից սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել էր 4333 մարդ, վիրավորվել՝ 12 236-ը։

Leave a Comment