Հայտնաբերվել է «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադրի դին. ԶԼՄ – armeniatoday.am

Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել են «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, 59-ամյա Անդրանիկ Մ․-ի դին, հայտնել է Shamshyan.com-ը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա խոսքով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ լրատվական կայքի՝ դին հայտնաբերվել է օգոստոսի 5-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները լրատվականին նշել են, որ մահացածը երկար տարիներ առաջ ընկերների հետ հիմնադրել էր «Բոնուս» սուպերմարկետների ցանցը, որն ունի 16 մասնաճյուղ Հայաստանի տարբեր մարզերում։

Բնակիչների խոսքով՝ վերջին շրջանում որոշ անձանց կողմից փորձեր են արվել «խլելու» նրանց բիզնեսը։ Հավաքվածները կասկածի տակ են դրել ինքնասպանության վարկածը՝ կոչ անելով իրավապահներին իրականացնել օբյեկտիվ քննություն։

Leave a Comment