
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հայտնել է արաբական պետության ղեկավարի գրասենյակը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման և նրանց դիրքորոշումների մերձեցման քայլերին, «ինչը մեծացնում է ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը հասնելու հնարավորությունները»։
Նշվում է, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Կատարին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսություն կազմակերպելու և տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Կատարի էմիրն իր հերթին նշել է, որ կարևոր է շարունակել բանակցությունները և կատարել երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
Օգոստոսի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հետ է կանգնել Իրանին հարվածելու մտքից, քանի որ Իրանն ու հարևան երկրները խնդրել են սպասել: Օգոստոսի 4-ին Կատարի ԱԳՆ-ն հաստատել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների միջոցով փաստաթղթեր են փոխանակում, բայց դեմ առ դեմ հանդիպում դեռ չի պլանավորվում: