Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի շահերը ներկայացնող Roc Nation գործակալության նախագահ Մայքլ Յորմարկը նոր թափ է հաղորդել բրազիլացու ապագայի շուրջ ասեկոսեներին։
Ինչպես հայտնում է Goal.com-ը, Յորմարկը սոցիալական ցանցերում հրապարակել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում իր վայրէջքի պահը՝ կից գրելով.
«Լոնդո՛ն, ես գալիս եմ։ Առա՜ջ»։
Ֆուտբոլասերներից շատերն այս հրապարակումը միանգամից կապել են Վինիսիուսի՝ Լոնդոնի «Արսենալ» հնարավոր տեղափոխության շուրջ բանակցությունների հետ։
Հատկանշական է, սակայն, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Վինիսիուսը հորդորել էր իր գործակալներին փակել «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ Բրազիլացի հարձակվողը մտադիր է շարունակել ելույթները մադրիդյան ակումբում։