Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի։
Հուլիսի 30-ին Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Նրան կալանավորել էին հունիսի 5-ին՝ 1 ամսով։ Նա, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, վերջինիս որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ևս 3 անձ անցնում են Բրյուսովի համալսարանին պատկանող գույքի օտարման գործով։
Նախկին պաշտոնյաները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման, դրա օժանդակության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ու դրան օժանդակելու համար։ Հուլիսի 2-ին գործով անցնող Արտյոմ Խաչատրյանի և նրա հորեղբոր որդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։
