ՌԴ քաղաքացիների հետաքրքրվածությունը և Իրանում կատարվողն ազդել են անշարժ գույքի գների վրա․ ՀՀ ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,5 տոկոս։ Պահպանվել է նաև բանկերից ներգրավվող միջոցների 5 տոկոս տոկոսադրույքը՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվության բարձր տեմպը, գնաճային միջավայրը և արտաքին ռիսկերը։  

Վերջին շրջանում աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի նկատմամբ։ Միաժամանակ օտարերկրացիների համար ընդլայնվել են անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունները, այդ թվում՝ հեռավար եղանակով։ Կենտրոնական բանկում, սակայն, դեռ չեն շտապում այս գործոնները կապել շուկայի ակտիվացման հետ։ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ վարձակալության շուկայում գնաճային որոշակի ակտիվացում կա, բայց՝ դեռ միանիշ։

«Հուլիս-օգոստոս ամիսներին արագացման որոշ ազդակներ կան, սակայն վերջնական գնահատական կտանք պաշտոնական վիճակագրության հրապարակումից հետո»։

Շուկայի ակտիվացման մասին են խոսում նաև անշարժ գույքի գործակալներն ու մասնավոր հայտարարությունները։ Գոռ Վարդանյանի խոսքով՝ նույնիսկ ամիսներ առաջ հրապարակված, արդեն ոչ արդիական հայտարարությամբ վերջին օրերին կրկին զանգեր են ստանում։

«Բնակարանն արդեն վաղուց վարձակալությամբ տրված էր, և, անկեղծ ասած, ես նույնիսկ մոռացել էի այդ հայտարարության մասին։ Սակայն վերջին 3-4 օրերի ընթացքում զանգերը կտրուկ ակտիվացել են։ Մարդիկ զանգահարում են թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի հարցերով։ Որոշ առաջարկներ նույնիսկ 40-50 տոկոսով գերազանցում են այն գինը, որով բնակարանը ժամանակին առաջարկվել էր»։

ԿԲ-ն ևս արձանագրում է բնակարանների գների աճի միտում։ Եթե նախորդ մեկ-մեկուկես տարում շուկան գրեթե կայուն էր, ապա այժմ կրկին նկատվում է թանկացման միտում։ Խաչատրյանի խոսքով՝ ոչ ռեզիդենտների կողմից բնակարանների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը կարող է լրացուցիչ պահանջարկ ստեղծել։

«Մեր շուկան փոքր է, և նույնիսկ մի քանի հարյուր կամ հազար լրացուցիչ գնորդ կարող է զգալի պահանջարկ ստեղծել։ Դա կառավարելի ռիսկ է՝ թե՛ ֆինանսական կայունության, թե՛ վարկ-գրավ հարաբերակցության, թե՛ գնաճի կառավարման տեսանկյունից»։

Լրագրողները հետաքրքրվել են նաև բնական գազի գնի հնարավոր փոփոխությամբ և դրա գնաճային ազդեցությամբ։ ԿԲ-ում նշել են, որ այս պահին գազի սակագնի հնարավոր փոփոխությունը հիմնական կանխատեսումներում ներառված չէ։

«Գազի գնի փոփոխությունը բանակցային գործընթացի արդյունք է, և այս պահին որևէ որոշակիություն չկա։ Այդ պատճառով մեր ընթացիկ սցենարներում գազի սակագնի բարձրացում ներառված չէ»։

ԿԲ-ն չի բացառում, որ սակագնի փոփոխությունը կարող է զգալիորեն ազդել գնաճի վրա, քանի որ բնական գազը կարևոր բաղադրիչ է ինչպես սպառողական զամբյուղում, այնպես էլ արտադրության և տրանսպորտային ծառայությունների ծախսերում։

Անդրադարձ է եղել նաև փոխարժեքների փոփոխություններին և ռուսական ռուբլու արժեզրկմանը։ Խաչատրյանի գնահատմամբ՝  ռուբլին խիստ տատանվող արժույթ է, և դրա հետագա շարժը դժվար է կանխատեսել։ Վերջին շրջանում այն որոշակիորեն արժեզրկվել է դոլարի նկատմամբ, ինչն արտացոլվում է նաև հայկական շուկայում։ Ինչ վերաբերում է կանխիկ և անկանխիկ ռուբլու փոխարժեքների տարբերությանը, ապա որոշ սահմանափակումներ են առաջացել ռուսական բանկերի կողմից օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումների պատճառով։

«Բոլոր փոխարժեքները աշխարհում փոխկապակցված են։ Եթե ռուբլի-դոլար փոխարժեքը փոխվում է, դա իր ազդեցությունն է ունենում նաև այլ փոխարժեքների վրա»։

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության համար այս տարի կանխատեսում է 5,3 տոկոս տնտեսական աճ։ Սակայն կանխատեսումն արվել է մինչև վերջին աշխարհաքաղաքական զարգացումները։ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ Իրանի շուրջ զարգացումները և Ռուսաստանի շուկայի հետ կապված սահմանափակումներն արդեն որոշակի ազդեցություն են ունեցել։

«Իրանի շուրջ զարգացումները տարբեր ուղղություններով ազդեցություն են ունեցել։ Մի կողմից՝ լոգիստիկ խնդիրներ և էներգակիրների գների ազդեցություն ենք ունեցել, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքից, այդ թվում՝ Էմիրություններից, զբոսաշրջային հոսքերի մի մասը վերաուղղորդվել է դեպի Հայաստան»։

Ինչ վերաբերում է Ռուսաստան ՀՀ-ից արտահանման սահմանափակումներին, ապա դրանց ամբողջական ազդեցությունը դեռ չի դրսևորվել։ Դրանք գործում են շուրջ երկու ամիս, սակայն արդեն արտացոլվել են ընթացիկ  տվյալներում։ Միաժամանակ տնտեսության մյուս ճյուղերը շարունակում են պահպանել աճի բարձր տեմպերը։

«Հունիս և հուլիս ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ, քանի որ շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են լինել տնտեսության հիմնական շարժիչ ուժերը»։

Տարեվերջի տնտեսական աճի նորացված կանխատեսում ԿԲ-ն դեռ չունի։

«Մենք կենտրոնական մեկ կանխատեսում չենք ներկայացնում։ Գնահատում ենք տարբեր սցենարներ՝ մեր երկարաժամկետ շուրջ 5,5 տոկոս պոտենցիալ աճից հնարավոր շեղումները՝ թե՛ դեպի վեր, թե՛ դեպի ներքև»։

Ամեն դեպքում Հայաստանի տնտեսությունը շարունակում է պահպանել բարձր ակտիվությունը։ Տնտեսական աճի  շարժիչ ուժը մնում են շինարարությունն ու ծառայությունների ոլորտը։

Leave a Comment