Միգրանտների կենտրոններ ԵՄ սահմաններից դուրս․ Իտալիան առաջարկում է քննարկել նաև Հայաստանի տարբերակը

Իտալիան ԵՄ մակարդակով առաջարկում է ԵՄ տարածք անօրինական ճանապարհով մուտք գործող միգրանտների համար վերադարձի կենտրոններ ստեղծել, իր գնահատմամբ, անվտանգ երրորդ երկրներում ՝ հիմնվելով Ալբանիայի մոդելի վրա։ Նախնական հնարավոր երկրների ցանկում է նաև Հայաստանը, նաև մի քանի աֆրիկյան պետություններ և որոշ երկրներ, որոնք ավանդական միգրացիոն ուղիներից դուրս են՝ Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Չեռնոգորիա և ոչ միայն։

ԵՄ տարածք անօրինական ճանապարհով մուտք գործած միգրանտների վերադարձը կազմակերպել ԵՄ սահմաններից դուրս՝ անվտանգ երրորդ երկրներում ստեղծվող կենտրոնների միջոցով․ սա է Իտալիայի առաջարկի հիմնական գաղափարը։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությունը ցանկանում է ԵՄ գործընկերների հետ քննարկել Ալբանիայում գործող մոդելի ընդլայնումը՝ ստեղծելու նոր կենտրոններ ԵՄ սահմաններից դուրս։ Առաջարկի համաձայն՝ այդ կենտրոններում կարող են լինել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան են խնդրում կամ ենթակա են վերադարձի, մինչև նրանց ներգաղթի և ապաստանի գործերը քննվեն։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին անհրաժեշտ է համարում ամբողջությամբ կիրառել ԵՄ միգրացիայի և ապաստանի մասին նոր կանոնները։

«Մենք պետք է ստեղծենք միգրացիայի վերաբերյալ ընդհանուր ռազմավարություն։ Անհրաժեշտ է վերադարձի գործընթացները գործարկել»։

Իտալիայի կառավարությունը ցանկանում է ստեղծել ԵՄ-ից դուրս կենտրոնների ցանց, որը կզբաղվի անկանոն միգրացիայի կառավարմամբ և վերադարձով՝ ծագման և տարանցման երկրների գործակցությամբ։ Հռոմը մտադիր է այս առաջարկը պաշտոնապես ներկայացնելու ԵՄ մյուս 26 անդամ պետություններին։ Կենտրոնների ֆինանսավորումը, ըստ երևույթին, կլինի Եվրամիության միջոցներով, սակայն դեռ վերջնական չէ։ Իտալիայի առաջարկը քննարկվում է Եվրոպայում միգրացիոն նոր ճգնաժամի ֆոնին։ Վերջին օրերին Իսպանիայի Սեուտա անկլավ միգրանտների մեծ հոսքը նոր հարցեր է առաջացրել ԵՄ-ում միգրացիայի կառավարման շուրջ։ Սա նաև նոր լարվածություն է առաջացրել Իտալիայի և Իսպանիայի միջև։ Հռոմը քննադատում է Մադրիդի մոտեցումը՝ համարելով չափազանց մեղմ։ Իտալիայի արտգործնախարար Տայանին հայտարարել է․

«Բոլորդ եկեք Եվրոպա» քաղաքականությունը սխալ է, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ ընդունելու անխտիր բոլորին։ Եվ լավ է, որ Եվրահանձնաժողովն աջակցում է Իտալիայի դիրքորոշմանը»։

Միաժամանակ Իտալիան պահանջում է ավելի խստորեն կիրառել GSP+ արտոնությունների համակարգը, որի շրջանակում զարգացող երկրներին տրամադրվում են առևտրային և մաքսային արտոնություններ։ Հռոմն առաջարկում է այդ արտոնությունների տրամադրումը կապել այն հանգամանքի հետ, թե որքանով են այդ երկրները գործակցում իրենց այն քաղաքացիների հետընդունման հարցում, որոնք ապօրինաբար մուտք են գործել կամ մնացել են ԵՄ տարածքում։ GSP+ նոր կարգավորումները նախատեսվում է ուժի մեջ դնել 2027 թ․ հունվարի 1-ից։

Իտալիան շարունակում է աշխատել նաև Ալբանիայում միգրանտների կենտրոնի լիարժեք գործարկման ուղղությամբ։ Նպատակն է մինչև տարեվերջ կենտրոնը աշխատանքային ռեժիմի բերել, եթե լուծվեն իրավական և դատական խնդիրները։

Միգրացիոն քաղաքականության շուրջ բանավեճը, սակայն, միայն կառավարությունների միջև չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ վերջին ճգնաժամերը ցույց են տալիս, որ Եվրամիությունը դեռ չունի անկանոն միգրացիայի կառավարման միասնական մոտեցում։ Սա բարդ խնդիր է համարում Եվրոպական քաղաքականության կենտրոնի միգրացիայի վերլուծաբան Հելեն Հանը․

«Կարծում եմ՝ մենք իրականում տեսնում ենք մի տեսակ անկարողություն խոսելու, թե իրականում ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, երբ խոսքը վերաբերում է ներգաղթի քաղաքականությանը՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները։ Սա իսկապես ցնցեց Եվրոպական միությունը։ Քաղաքական առաջնորդները հակված են կարծելու, որ անկանոն ժամանումները շարունակաբար նվազելու են, առանց հաշվի առնելու, որ կարող են նոր ճգնաժամեր առաջանալ»։

Միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնությունները կարող են ազդել նաև ԵՄ դիրքերի վրա տնտեսական տեսանկյունից՝ կարծում է Natixis-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Ալիսիա Գարսիա-Հերերոն․

«Սա թուլացնո՞ւմ է Եվրոպան։ 100 տոկոսով։ Եվ ոչ միայն Սանչեսը, այլև ամբողջ Եվրոպան։ Ո՞ւմ համար է սա ձեռքբերում։ Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի համար»։

Ալբանիայի կենտրոնը նախնական ծրագրով պետք է ամսական մինչև 3 հզր մարդ ընդուներ, տարեկան մինչև 36 հզր միգրանտ։ Սակայն անցած տարվա ապրիլից կենտրոնը առավելապես օգտագործվել է վերադարձի ենթակա անձանց պահման նպատակով, և այնտեղով անցած մարդկանց թիվը սահմանափակ է եղել։

Միգրանտների նոր կենտրոններ ստեղծելու մասին Իտալիայի առաջարկը դեռ քննարկվում է։ Թեև Հռոմը պնդում է, որ դա կարող է դառնալ միգրացիոն կառավարման արդյունավետ գործիք, քննադատներն արծարծում են մարդու իրավունքների պաշտպանության, ֆինանսավորման և նման կենտրոնների արդյունավետության մասին հարցեր։ Հայաստանը չունի նման մասշտաբի կենտրոններ ընդունելու փորձ։ Ու թեև այս թեման երկրում բուռն քննարկումներ է առաջացրել, փորձագետները հարցին այլ կողմից էլ են նայում այն առումով, որ Հայաստանը դիտարկվել է որպես երրորդ՝ անվտանգ երկիր, որի հետ հնարավոր են նաև նոր տիպի գործակցություն։

Leave a Comment