Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով որով Կառավարությունն առաջարկում է նոր կարգավորումներ սահմանել ինքնակամ կառույցների հաշվառման համար։ Նախագծով նախատեսվում է Կադաստրի կոմիտեում հաշվառման հնարավորություն տալ նաև սեփական հողամասերում առկա ամբողջությամբ ինքնակամ կառույցներին, այդ թվում՝ նախկինում սահմանված ժամկետներից հետո կառուցված շինություններին։
Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի մշակումը պայմանավորված է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-331-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածում։
Օրենքով նախատեսվել է նոր կարգավորում, համաձայն որի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները, այդ թվում՝ օրենքով նախկինում սահմանված ժամկետներից հետո կառուցված կառույցները, կարող են Կառավարության կողմից հաստատվող՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու նպատակով Կառավարության սահմանած կարգով հաշվառվել Կադաստրի կոմիտեում։
Բացի այդ, Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ Կառավարությունը Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ընդունում է Օրենքով նախատեսված ինքնակամ կառույցների հաշվառման կարգը։
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված որոշումը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին և լրացնել այն նոր կարգավորումներով։
Նախագծի նպատակն է ապահովել Օրենքի գործնական կիրառումը, սահմանել ինքնակամ կառույցների նոր խմբի հաշվառման ընթացակարգը, ինչպես նաև հստակեցնել հաշվառման գործընթացում Կադաստրի կոմիտեի և հաշվառման փաթեթը ներկայացնող անձանց գործողությունները։
Կարգավորման առարկան և բնույթը.
Նախագծով կարգավորվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու հետ կապված հարաբերությունները՝ Օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։
Մասնավորապես, հստակեցվում են ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, այն ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև ընդունված որոշման մասին պատվիրատուին տեղեկացնելու ընթացակարգերը։
Առաջարկվող կարգավորումները միտված են հաշվառման ընթացակարգի հստակեցմանը, իրավական որոշակիության ապահովմանը և Կադաստրի կոմիտեի կողմից միասնական վարչարարության իրականացմանը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Օրենքով նախատեսված ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը։
Կստեղծվի անհրաժեշտ իրավական հիմք՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու և դրանց հաշվառման հաստատումը հավաստող չափագրման ծածկագիր ստանալու համար։
Նախագծի ընդունմամբ կապահովվեն ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի իրավական որոշակիությունը, Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող վարչարարության միասնականությունը, ինչպես նաև պատվիրատուների պատշաճ իրազեկվածությունը հաշվառումը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ։
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին․
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում Հայաստանի Հանրապետության ռազմավարական փաստաթղթերից: