Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց՝ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության համաձայնությունը․
«Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից, այն պետք է, բայց այն պետք է ապագա սպառնալիքների շատ դռներ փակի։ Վստահ եղեք, որ մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են լինելու խաղաղությանը, բայց թույլ չեն տա էթնիկ փոփոխություններ։ Հարևան երկրի ղեկավարությունը բազմիցս խոսել է Հայաստանի էթնիկ կազմը փոխելու մտադրության մասին։ Խոսում են «վերադարձի» մասին այն դեպքում, երբ նրանք այստեղ չեն եղել, երեխաներին սովորեցնում են «Արևմտյան Ադրբեջանի» թեզը»։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող հոդվածը։