
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները արդյունքներ են տալիս խաղաղության գործընթացում, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Բայրամովն ընդգծել է, որ երկու երկրների միջև այժմ ստեղծվել են փաստացի խաղաղության պայմաններ, և քայլեր են ձեռնարկվում վստահության ամրապնդման ուղղությամբ։
«Այսօր մենք կարող ենք վստահորեն հայտարարել, որ երկկողմ ձևաչափը ապացուցել է իր արդյունավետությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում։ Ձեռք բերված արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա», – ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը կարևորել է շարունակել խաղաղության օրակարգի առաջխաղացումը ուղիղ երկխոսության միջոցով։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի»:
նա ընդգծել է՝ «ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»:
Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից: