Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են ապահովում խաղաղ գործընթացում։
Բաքվում Շվեյցարիայի Համադաշնության ֆեդերալ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ներկայումս երկու երկրների միջև ձևավորվել են փաստացի խաղաղության պայմաններ և քայլեր են ձեռնարկվում վստահության ամրապնդման ուղղությամբ։
«Այսօր մենք կարող ենք վստահորեն հայտարարել, որ երկկողմ ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում։ Ձեռք բերված արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ կարևոր է այսուհետ ևս խաղաղության օրակարգն առաջ մղել հենց ուղիղ երկխոսության ճանապարհով։