Corriere della Sera․ «Իտալիան առաջարկում է անօրինական ներգաղթյալներ ուղարկել Հայաստան»

«Իտալիան առաջարկում է ԵՄ տարածք ներթափանցած անօրինական ներգաղթյալներ ուղարկել երրորդ երկրներ, այդ թվում՝ Հայաստան», – այսօր գրել է իտալական առաջատար Corriere della Sera պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ տասնյակ հազարավոր անօրիական ներգաղթյալների՝ իսպանական Սեուտա անկլավ ներթափանցումից հետո, Իտալիայի կառավարությունը հանդես է եկել երրորդ երկրներում «հայրենադարձման կենտրոններ» ստեղծելու առաջարկով։

Corriere della Sera-ի տվյալներով՝ պաշտոնական Հռոմի առաջարկի հիմքում նախորդ տարի Իտալիայի և Ալբանիայի միջև կնքված համաձայնագիրն է։ Ըստ դրա, Իտալիան անօրինական ներգաղթյալներին արտաքսում է Ալբանիայում գտնվող և Հռոմի կողմից ֆինանսավորվող հատուկ ճամբարներ, որտեղ էլ նրանք սպասում են վերադարձին իրենց ծագման երկրներ։

«Երեքշաբթի օրը Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյոնտեդոսին պատրաստվում է «ալբանական մոդելի» ընդլայնման տարբերակն առաջարկել ԵՄ խորհրդի անդամներին, – գրում է Corriere della Sera-ն՝ հավելելով, – իտալական ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն պետք է ֆինանսավորի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուանդայում, Գանայում, Սենեգալում, Թունիսում, Լիբիայում, Մավրիտանիայում, Ուգանդայում, Եգիպտոսում, Ուզբեկստանում, Հայաստանում, Մոնտենեգրոյում և Եթովպիայում տեղակայվող «հայրենադարձման կենտրոնները»։

Leave a Comment