Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվի այն հոդվածը, որը, ըստ նրա, տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր սահմանադրության ընդունման գործընթացը։
«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները հանվեն սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիրներ չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ», — ասել է Հաջիևը։
Նախագահի օգնականն անդրադարձել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններին.
«Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան։ Մենք վճռականորեն պատասխանում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի, և դա շարունակվելու է նաև այսուհետ»,- ասել է Հաջիևը։