ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը և կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչև Թեհրանի հետ համաձայնության ձեռքբերումը կամ նրա կապիտուլյացիան։
Truth Social սոցիալական ցանցում նա գրել է, որ, հակառակ Իրանի հայտարարությունների, «Հորմուզի նեղուցն արդեն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից»։ Խոսելով Իրանի ծովային շրջափակման մասին՝ Թրամփն ընդգծել է. «Ոչինչ չի մտնում Իրան, եթե մենք դա չենք ցանկանում, և ոչինչ չի մտնի, մինչև համաձայնություն ձեռք չբերվի կամ չապահովվի լիակատար կապիտուլյացիա»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ օգոստոսի 3-ին ԱՄՆ-ն և Իրանը կանցնեն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Նա նաև հայտնել էր, որ համաձայնել է չեղարկել Իրանի դեմ նախապես ծրագրված հզոր հարվածը՝ հանուն Թեհրանի հետ պայմանավորվածության հասնելու։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ Վաշինգտոնին խնդրել են ձեռնպահ մնալ հարձակումից, քանի որ կողմերն արդեն նախանշել են ապագա համաձայնագրի հիմնական ուրվագծերը։ Թրամփի խոսքով՝ այդ համաձայնագիրը պետք է ներառի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և Իրանի միջուկային սպառնալիքի վերացումը։