Մյասնիկյանում  մարզադպրոց է կառուցվում — Հայաստանի Հանրային Ռադիո

Տարածքային զարգացման հիմնադրամն Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում նոր մարզադպրոց է կառուցում: Շինարարությունը սկսվել է մեկ տարի առաջ, նախատեսվում է ավարտել տարեվերջին: Շահագործումից հետո մարզադպրոցը կհամալրվի մարզական նոր գույքով և կունենա ժամանակակից պայմաններ մարզվելու համար: Գյուղը նախկինում մարզադպրոց չի ունեցել,  երեխաները հաճախել են ժամանակավոր գործող մարզադահլիճներ: Իսկ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով 2 տարի առաջ կառուցված մարզադաշտն արդեն վնասվել է:

Մյասնիկյանցի երեխաները սովորաբար մարզվում են ֆուտբոլի դաշտում կամ ակումբի մի հատվածում գործող մարզասրահում: Երբեմն էլ հաճախում են այլ բնակավայրերի մարզադպրոցներ, որոնք մարզվելու համար ավելի լավ պայմաններ ունեն: Գյուղում մարզադպրոց չկա։ 14-ամյա Դանիելը ժամանակին ակումբի մարզասրահում է մարզվել։

«Ազատ ոճի ըմբշամարտ, բոքս ու ձյուդո է եղել: Ըմբշամարտ եմ այստեղ պարապել,  ձյուդո էլ՝  3 տարի: Հիմա  ըմբշամարտը կա, շատ պարապողներ կան, իսկ ձյուդոն 2024-ից փակվել է»:

Դանիելը միաժամանակ զբաղվում է ֆուտբոլով, սկզբում գյուղում էր պարապում, հետո մարզվելու համար ընկերների հետ Սարդարապատ գյուղի  մարզադաշտ էր գնում:  

«Գնալ-գալը դժվար էր, դրա համար դուրս եկա: Մի երկու տարի այնտեղ եմ պարապել: Գյուղում էլ եմ պարապել, մեր ֆուտբոլի դաշտում, ուղղակի այստեղ փակվեց ֆուտբոլը: Գյուղի  մի 5-6  տղաներով էինք  գնում: Հիմա  այնտեղ դեռ  2 հոգի պարապում է, բայց ես դուրս եկա»:

Մյասնիկյանում  ունիվերսալ մարզադաշտ կա՝ ֆուտբոլի, բասկետբոլի ու վոլեյբոլի համար: 2024թ  գարնանն է շահագործվել, բայց երկու տարվա ընթացքում արդեն վնասվել է․ ռետինե ծածկը քայքայվել է, մետաղական ցանցերը պոկվել են, պլաստմասսե նստարանները կոտրվել: Բնակիչներն են գնահատում արվածը։

«Երեխաներն են արել»  «Երեխեքն  ինչ կապ ունեն, որ անորակ գործ են արել: Այն ձևով չեն արել, ոնց որ պետք է: Բարակ ժեշտ են, ֆուտբոլի գնդակից միանգամից տրաքվում են ու էլի գցում երեխեքի վրա: Ամեն տշելուց, կպնում է էդ ցանցերին: Ոնց որ թիթեղ լինի»:

Մարզադաշտը կառուցվել էր  Տարածքային  զարգացման հիմնադրամի պատվերով, ծախսվել էր շուրջ 50 մլն դրամ: Հիմա Տարածքային զարգացման հիմնադրամը մարզադաշտի հարևանությամբ  նոր մարզադպրոց է կառուցում: Այն երկհարկանի շինություն է, աշխատանքի մի մասն արդեն արվել է՝ ասում է աշխղեկ Միքայել Թովմասյանը։

«Նախատեսված է կառուցել մարզադահլիճ՝ 34×14 մակերեսով, շախմատի սենյակ, մարզադպրոցի տնօրենի սենյակ, սանհանգույցներ, լոգարաններ։ Նույնիսկ շոգեբաղնիք է լինելու»:

Շինարարական աշխատանքները 1 տարի առաջ են սկսվել, մարզադպրոցը նախատեսվում է շահագործել ձմռանը: Մարզադպրոցի կառուցման պայմանագրային արժեքը 234 մլն դրամ է: Կառուցումից հետո այն կհամալրվի նոր գույքով ու նոր պայմաններ կստեղծվեն մարզասերների համար: Դանիելն ու իր ընկեր Ալեքսը սպասում են մարզադպրոցի բացմանը:

Իսկ մինչև այդ Մյասնիկյանի երեխաներն ու երիտասարդները կշարունակեն մարզվել Արմավիր քաղաքի մարզադպրոցներում, որտեղ մեծ հաջողություններ են գրանցում՝ ասում է Կարենը:

«Եղբորս տղան ձյուդոյի Հայաստանի չեմպիոն է ու Հայաստանի հավաքականում է: Հոկտեմբերյանում է պարապում, ձյուն լիներ, թե անձրև՝ տանում էինք: Այստեղ մարզադպրոց բացվի՝ ավելի լավ: Իհարկե մոտիկ կլինի, մարդ կա հնարավորություն չունի գնա Հոկտեմբերյան, բայց այստեղ տանը մոտ կլինի ու կգան ընտիր կպարապեն»:

Արմավիր քաղաքում գործող երկու մարզադպրոցները նույնպես հիմնանորգման կարիք ունեն: Այստեղ համեմատաբար լավ վիճակում են մարզադահլիճները, իսկ սանհանգույցները, հանդերձարանները նորոգման կարիք ունեն: Գույքը մասամբ է թարմացվում՝ ասում է մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Դարբինյանը:

«Գնդակներ ենք ստանում համայնքապետարանից, իրենց աջակցությամբ վերանորոգեցինք գորգը, գումար տրամադրեցին՝ կոսմետիկ վերանորոգեցինք մարզադահլիճը, բայց ժամանակավոր է»: 

2027թ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Արմավիրի երկու մարզադպրոցներն ու թարմացնել գույքը:

«Մյուս տարիների ընթացքում առաջ կտանենք ու գյուղական բնակավայրերում մարզական համալիրներ կկառուցենք, որպեսզի գյուղերում ապրող մեր երեխաներն ու երիտասարդները հնարավորություն ունենան զբաղվել  սպորտով»:

Արմավիրի հիմնական մարզադպրոցի շենքը վերջին անգամ 15 տարի առաջ է նորոգվել:

Leave a Comment