Աշխատանքային վեճերով դատարան դիմելուց առաջ պարտադիր կլինի հաշտարարին դիմելը․ նոր նախագծի կարգավորումները

Հայաստանում նախատեսվում է փոխել աշխատանքային վեճերի լուծման կարգը։ Եթե օրենսդրական փոփոխություններն ընդունվեն, որոշ աշխատանքային վեճերով դատարան դիմելուց առաջ կողմերը պարտադիր պետք է անցնեն հաշտարարության փուլ։ Փոփոխությունների հեղինակների համոզմամբ՝ այս մեխանիզմը կնպաստի վեճերի ավելի արագ և արդյունավետ կարգավորմանը, իսկ դատարան դիմելը կդառնա հաջորդ քայլը, եթե հաշտեցումը արդյունք չտա։

Առաջարկվող փոփոխություններով պարտադիր նախնական հաշտարարությունը կկիրառվի աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և կարգապահական տույժերի վերաբերյալ որոշ վեճերի դեպքում։ Այսինքն՝ նախքան դատարան դիմելը կողմերը պետք է փորձեն լուծել վեճը հաշտարարության միջոցով։

Նախագիծը շարունակությունն է 2022 թվականին իրականացված հաշտարարության ոլորտի բարեփոխումների, սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց է տվել, որ համակարգի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ են լրացուցիչ օրենսդրական փոփոխություններ։

Հաշտարարության ոլորտում կատարված վերջին փոփոխությունների արդյունքները ցույց են տալիս որ կա 30 տոկոս արդյունք, ինչը էականորեն թեթևացնում է դատական համակարգի ծանրաբեռնվածությունը։  Միաժամանակ նախատեսվում է, որ պարտադիր հաշտարարության ընթացքում կկասեցվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպեսզի աշխատողը կամ գործատուն չկորցնի դատարան դիմելու իրավունքը։

Թեման Իրավական շաբաթի շրջանակներում ներկայացրել են Ֆիդելիթի Քոնսալթինգ իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, փաստաբան  Արմեն Մելքումյանը և հաշտարար, փաստաբան Անի Ավետիսյանը։

Leave a Comment