Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել Իրանի դեմ նոր, հզոր հարվածներ հասցնելու ԱՄՆ ծրագրերի վերաբերյալ և խնդրել է թուլացնել լարվածությունը, հաղորդում է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաղորդագրության համաձայն՝ թագաժառանգը «խոսել է նախագահ Թրամփի հետ և մտահոգություն հայտնել Իրանի դեմ նոր, լայնածավալ հարվածներ հասցնելու նրա ծրագրերի վերաբերյալ»։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հավելել է, որ սաուդցիները «մտահոգություն են հայտնել և պարզաբանումներ են խնդրել ծրագրի վերաբերյալ»։ Մեկ այլ աղբյուր ասել է, որ արքայազնը «կոչ է արել Թրամփին ապահովել լարվածության թուլացում և զերծ մնալ հարվածներից»։
Լրատվական գործակալության տվյալներով՝ կատարցի միջնորդները շաբաթ օրը «առանձին խորհրդակցություններ են անցկացրել» Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Օմանի ներկայացուցիչների հետ։
Կատարական կողմը հույս ունի համաձայնության գալ Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքը վերականգնելու վերաբերյալ։ Հրատարակությունը նշում է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում «առաջընթաց է գրանցվել», սակայն մանրամասներ չեն տրամադրվում։